Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 12-ին շարունակվում է բողոքի ակցիան, որը սկսվել էր օրեր առաջ։
Դպրոցի բակում հավաքվել են մեծ թվով երեխաներ և ծնողներ՝ ի նշան բողոքի, և հրաժարվում են մասնակցել դասապրոցեսին։ Նրանք պահանջում են, որպեսզի Արմավիրի մարզպետը չեղյալ հայտարարի մինչ նոր ընտրությունները, նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը։
Նշենք, որ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է վերջերս։ Դպրոցի ներսում՝ մի քանի լսարաններում, այնուամենայնիվ, տեղի է ունենում դասապրոցես, սակայն մեծ մասը հրաժարվում են մտնել դպրոց։ Երեխաները դպրոցի բակում բրդե ծածկոցներ են փռել և բաց դասեր են անցկացնում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Դաշտ գյուղի դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները քարերով, կենդանի պատ կազմելով, բեռնատարներով փակել են Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը