ՀՀ ՔԿ-ն 2018 թվականի հունվարի մեկից մինչև հոկտեմբերի 31-ը շարունակել է տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննությունը: Ինչպես հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՏԻՄ ղեկավարների կամ ծառայողների կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում 2018 թվականի 10 ամիսների ընթացքում քննվել է 178 քրեական գործ, որոնց քննության արդյունքում, որպես պետությանը պատճառված վնաս, վերականգնվել է 86 միլիոն 269 հազար 663 դրամ:
Քրեական գործերը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 308-րդ, 314-րդ և 325-րդ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերին։ Հարուցված 178 քրեական գործերից 11-ը՝ 11 համայնքի ղեկավարի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Նշված քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել է 36.647.100 դրամ, որից վերականգնվել է 26.919.200 դրամը: 33 քրեական գործով որոշում է կայացվել գործով վարույթը կարճելու մասին, որից 13-ը՝ արդարացնող՝ հանցակազմի կամ հանցադեպի բացակայության հիմքով, իսկ 20-ը՝ ոչ արդարացման՝ գործուն զղջալու հիմքով:
Կարճված քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 13.528.963 դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական գործերի մի մասը նախաքննության ընթացքում միացվել է մեկ վարույթ և ներկա դրությամբ առկա է 92 քրեական գործ, որոնցով 21 համայնքի ղեկավարների առաջադրվել են մեղադրանքներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը