ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ լրատվական բաժնից, ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից մասնակի վերականգնվել է պատճառված վնասը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ մի քանի դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ։
ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2015թ. ընթացքում պետական բյուջեով հատկացված դրամաշնորհի շրջանակներում հայտարարված մրցույթում մերժվել է առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած ընկերության հայտը։ Փոխարենը՝ ծառայությունների մատուցման պայմանագրերը կնքվել են բարձր գին առաջարկած երկու այլ ընկերությունների հետ՝ պետությանը պատճառելով էական վնաս: Չարաշահումներ են հայտնաբերվել նաև 2015-2018թթ. ընթացքում «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում, հեռարձակում, ձեռք բերում և բազմացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում, «Արի տուն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2017թ. ընթացքում «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի առանձին պաշտոնատար անձանց գործողություններում, որոնց հետևանքով պետական միջոցներից անհիմն ելքագրվել և վատնվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից ՀՀ պետական վերահսկողության ծառայության դեպոզիտ հաշվին է փոխանցվել 100 մլն դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը