05 11 2018

Մայրապետյանին կալանքի տակ պահելը շարունակում է անհասկանալի և անհիմն մնալ․ Գնահատականներ



Դատախազությունը մերժել է Սամվել Մայրապետյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակման միջնորդությունը: Մայրապետյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորել էր մտավորականների մեծ խումբ՝ հայտնի լրագրողներ, միջազգային մեդիայի ներկայացուցիչներ, արվեստագետներ, հոգևորականներ, բժիշկներ, գործարարներ։

Ըստ դատախազության, կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել, այնինչ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը համարում է, որ Մայրապետյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունն անհասկանալի ու անհիմն է։

Նրան երաշխավորության միջնորդություն ներկայացրած մտավորականների համար ևս անհիմն է միջնորդությունը մերժելը։ Դժգոհությանը միանում են նաև ԱԺ պատգամավորները։

Ավելի ուշ ևս մեկ միջնորդություն է ներկայացվել՝ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի մասին արված բժշկական հարցման արդյունքներով։ Սամվել Մայրապետյանին վիրահատած և հսկողությն մեջ պահող բժիշկ Մուշեղ Միրիջանյանը կալանավայրում տեսակցել էր և համարում է, որ հիվանդությունն ու պահման պայնաններն անհամատեղելի են։

Հիշեցնենք՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 2-ին, այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սամվել Մայրապետյանին և առանձնազրույց ունեցել:

Սամվել Մայրապետյանը բարձրաձայնել է մի շարք խնդիրներ՝ կապված կալանքի հիմքերի բացակայության, առողջական վիճակի վատթարացման, գույքի բոլոր տեսակների և հաշիվների վրա առանց հիմքերի արգելանք դնելու հետ:  Ըստ Սամվել Մայրապետյանի՝ իրեն կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են, իսկ դատարանների որոշումներն անհիմն են: 

Արման Թաթոյանի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Սամվել Մայրապետյանը, մասնավորապես նշել է, որ առողջական խնդիրների պատճառով ունի հատուկ սննդակարգի, բժշկական մշտական հսկողության ու խնամքի կարիք, ինչը քրեակատարողական հիմնարկի պայմաններում հնարավոր չէ ապահովել: Բացի այդ, լինելով Հ2 հեռուստաընկերության գլխավոր տնօրենը, այս պահին, ամբողջ ունեցվածքի վրա կալանք դնելու պատճառով, չի կարողանում լրացուցիչ ֆինանսավորել հեռուստաընկերությունը, ինչը կարող է հանգեցնել հեռուստաընկերության փակման: 

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար: Նա կալանավորված է և մեղադրանքը չի ընդունում:

Աղբյուր

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ