30 10 2018

Դասադուլ՝ Գլենդելի հայաշատ դպրոցում

Դասադուլ՝ Գլենդելի հայաշատ դպրոցում

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի Հերբերտ Հուվերի անվան ավագ դպրոցի աշակերտները երկուշաբթի դասադուլ են անցկացրել՝ Միացյալ դպրոցական շրջանից պահանջելով բացատրել, թե ինչու  է նախորդ շաբաթ նախատեսված ֆուտբոլային խաղը չեղարկվել։

Արդեն չորրորդ խաղն է չեղարկվում այս ամսվա սկզբում դպրոցում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից հետո։ Այս մասին հաղորդում է FOX 11-ը։ 

Աշակերտները հավաքվել են դպրոցի շենքի դիմաց, իսկ հետո դպրոցի տնօրինության և ոստիկանների հսկողությամբ երթով շարժվել են Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի գրասենյակ։

«Մենք ամբողջական և ստույգ պատասխան ենք ակնկալում Դպրոցական շրջանից, որն է ֆուտբոլային խաղը չեղարկելու իրական պատճառը»,–ասել է աշակերտներից Բրիթնի  Մորենան։

Դպրոցական խորհրդի անդամ Գրեգ Քրիքորյանը հայտնել է, որ վերջին ֆուտբոլային խաղը չեղարկվել է բավարար խաղացողներ չլինելու պատճառով և նաեւ որոշ խաղացողներ գուցե ցանկացել են բոյկոտել խաղը։

Դպրոցական շրջանի ղեկավարների հաղորդմամբ՝ խաղի անվտանգության համար բավարար պայմաններ չեն եղել։ Շրջանի ղեկավարները աշակերտների հետ 20 րոպե զրուցել են, իսկ հետո ավտոբուսներ են տրամադրվել դպրոց վերադառնալու համար, սակայն ոչ բոլոր աշակերտներն են վերադարձել դպրոց։

Հիշեցնենք, որ Հերբերտ Հուվերի անվան ավագ դպրոցում հայ եւ օտարազգի աշակերտների միջեւ հոկտեմբերի 3-ին զանգվածային ծածկռտուք էր տեղի ունեցել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ