Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները: Նրանց պահանջը անփոփոխ է՝ վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը։ 150-ից ավելի մեքենաներ արդեն հատել են վրացական սահմանը և դրանք այլևս հնարավոր չէ հետ տանել Վրաստան ու վաճառել: Նախաձեռնության անդամները նշում են, որ խնդրի լուծման տարբերակներ ունեն, բայց իշխանությունները պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն:
Նախաձեռնության անդամներին մոտեցավ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ով նշեց, որ հարցի լուծում տվողը ինքը չէ, օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը: Նրա խոսքով լուծման միակ տարբերակը Ազգային ժողովի կողմից օրենքում փոփոխություններ կատարելն է, ինչը ժամանակատար է:
«Օրենքն այս պահին արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը: Կառավարությունը չի կարող օրենքը չեղարկել, ԱԺ-ն պետք է փոփոխություններ մտցնի օրենքում, բայց հիմա որևէ ընթացակարգ չկա: Եղել է օրենք, որն արգելել է և՛ ներմուծելը, և՛ շահագործելը, և՛ վաճառք անելը, ընդ որում՝ և՛ գոյություն ունեցող, և՛ նոր մեքենաների: Այդ օրենքը լուրջ հակազդեցություն է ունեցել և ես ինքս ասել եմ, որ պետք չէ աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելել և արգելել, որ նա վաճառի: Հանվել են այս դրույթները, միայն մի դրույթ է մնացել, որ արգելեն այս մեքենաների ներմուծումը: Այո, սկզբնական շրջանում եղել է նաև «հոկտեմբերի 1» եզրույթը: Ես շատ եմ ուզում, որ ձեր խնդիրը լուծվի: Երկրորդ՝ ես ասում եմ այն, ինչը կա, ես չեմ ասում այս որոշման հետ համաձայն եմ, նրա՝ ոչ: Եղել է գրած հոկտեմբերի 1, հետո դա հանվել է, բայց ժամանակավոր արգելքը Ձեզ մոտ հարցեր չի՞ առաջացրել»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ 2018 թ. հունվարի 18-ին կառավարության որոշմամբ արգելվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը: Սկզբում հայտարարվել էր, որ այս օրենքն ընդունվել է ժամանակավոր՝ մինչև հոկտեմբերի 1-ը, և վարորդներն արդեն գնել էին մեքենաներ, որ հոկտեմբերի 1-ից հետո արդեն աջ ղեկով մեքենաները ներկրեին Հայաստան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը