06 10 2018

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ժամանակացույցը

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ժամանակացույցը

Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստով: Աշխատանքների մեկնարկը կտրվի Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի՝ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նախագահի կողմից: Հոկտեմբերի 8-9-ն անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովի:

Հոկտեմբերի 9-ին Ազատության հրապարակում նախատեսված է Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը: Ֆրանկոֆոնիայի ավանում գագաթաժողովի մասնակից երկրները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Կներկայացվեն արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործեր, ինչպես նաև ազգային խոհանոցը:

Բացմանը նախատեսված են ելույթներ, երաժշտական կատարումներ, այց Ֆրանկոֆոնիայի ավանի տաղավարներ: Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միություն (ՖՄՄ) 47-րդ նստաշրջանը տեղի կունենա 2018թ. Հոկտեմբերի 9-12ը, Ծաղկաձորում։ Այս նստաշրջանի քննարկումների համար ՖՄՄ-ն ընտրել է «Լրատվամիջոցները եւ միգրացիան» թեման։ Այս շատ արդիական թեման, հնարավորություն կտա հասկանալու տեղեկատվության մշակման ձևերը և ԶԼՄ-ների դերն իրենց երկրներում հասարակական կարծիքների ձեւավորման գործում։

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվելու է տնտեսական ֆորում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»:

Հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում ժամը 19:30-ին կանցկացվի գալա համերգ, որի եզրափակիչ հատվածը նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Համերգի մյուս մասում ելույթ կունենան աշխարհահռակ երգիչներ Անժելիկ Կիժոն, Մելոդի Գարդոն, Զազը: Հոկտեմբերի 11-12 կանցկացվի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որը կմեկնարկի բացման հանդիսավոր արարողությամբ: Գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթաժողովի թեման է «Ապրել միասին` հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:

Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը եւ զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության եւ բարգավաճման։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ