05 10 2018

Աղբահանության և այլ խնդիրների լուծման ջանքերը մեկտեղվում են

Աղբահանության և այլ խնդիրների լուծման ջանքերը մեկտեղվում են

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման միավորում» («ՀամաԶարԿ» ) կոալիցիայի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվեց նորաստեղծ կոալիցիայի կանոնակարգը, ընտրվեց կառավարման խորհուրդը, ինչպեսև նոր անդամներ ընգրկվեցին դրանում:

«ՀամաԶարԿ» կոալիցիայի կողմից իրականացվում է «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը: Այն Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում է իրականացվում:

Նշվում է, որ վերջին երեք տարիների կտրվածքով Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մարզկենտրոնների համայնքների բյուջետային  միջոցների 12-15%-ն  ուղղվում են աղբահանության, կոմունալ ծառայությունների և շրջակա միջավայրի պաշտպանությանը, սակայն էական փոփոխություններ չեն նկատվում. բնակիչները մշտապես դժշգոհում են մատուցվող ծառայություններից, իսկ պատկան մարմիններն այլընտրանքային լուծումներ չեն կիրառում:

«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի նպատակն է նպաստել այս մարզերում ընտրված խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը` ոլորտի հանրային քաղաքականության բարելավման, մոնիթորինգի իրականացման և ջատագովության միջոցով:

«Կոալիցիայի միջոցով մի խումբ կազմակերպությունների ջանքերը մեկտեղվում են՝ ի նպաստ այս ոլորտների զարգացման: Սա ընդամենը սկիզբն է մեր համակարգային և հետևողական աշխատանքի»,- ասաց ծրագիրն իրականցնող ղեկավար կազմակերպության՝ «Կոմպասս» ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանը:

Միջոցառմանն իր ողջույնի խոսքն ասաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նա ներկայացրեց նաև ԿԵՀ-ի նպատակներն ու արդեն իսկ կատարված լայնածավալ աշխատանքները: Անդրադառնալով նորաստեղծ կոալիցիային ու դրա կողմից կատարվող աշխատանքներին՝ խորհուրդ տվեց հնարավորինս ընդգրկել հասարակությանն ու նրա հետ կապն ամրապնդել:

Այսօր «ՀամաԶարԿ» կոալիցիայում ընդգրկվելու վերաբերյալ հուշագրեր կնքվեցին 21 հասարակական կազմակերպությունների հետ: Ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանը նշեց, որ կոալիցիային անդամակցելու հայտերը մի քանի տասնյակի են հասնում: Սակայն հայտերը բավարարվել են մի շարք չափանիշներ հաշվի առնելով՝ ոլորտային փորձը, հեղինակությունը, կարողությունները:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ