Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Կոտայքի մարզի Արամուս գյուղի 1 տասնյակից ավելի բնակիչներ արդեն 2 ժամից ավելի է՝ փակել են Մայակովսկի գյուղից դեպի Արամուս գյուղ տանող ճանապարհը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գյուղացիներն իրենց այդ քայլը պատճառաբանում են՝ ասելով. «Ժողովուրդը չի սխալվում, երբ ասում է՝ եթե դանակը ոսկորին է հասնում, պետք է դիմել ամենածայրահեղ միջոցի։ Ու հիմա պահանջում ենք, որպեսզի գյուղապետ Հրայր Նիկողոսյանը հրաժարական տա։ 16 տարի է՝ մեր գյուղապետն է եղել, ու հիմա պահանջում ենք, որպեսզի նա հրաժարական տա, և տեղի ունենան գյուղապետի արտահերթ ընտրություններ։ Եթե ինքը վստահ է իր հաղթանակի վրա, թող համաձայնվի, և տեղի ունենան նոր ընտրություններ։ Ամեն անգամ մտածել ենք, որ գյուղապետը գյուղի համար մի նոր բան կանի, սակայն ապարդյուն։ Մենք հաստատակամ ենք. մինչև մեր պահանջը չկատարվի, ո՛չ ճանապարհն ենք բացելու, ո՛չ էլ բողոքի ակցիաներն ենք դադարեցնելու»
Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի մեծ թվով ծառայողներ, ովքեր բանակցում են գյուղացիների և գյուղապետի հետ, որպեսզի ճանապարհը բացեն։ Կոտայքի մարզպետարանից ժամանած պաշտոնյայի կողմից առաջարկվեց ժամը 3-ին հանդիպել մարզպետարանում և քննարկել խնդիրը՝ առաջարկելով այդ ժամանակահատվածում ճանապարհը բացել։ Բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնեցին ժամը 3-ին հանդիպում կազմակերպել մարզպետարանում, սակայն մինչ այդ ճանապարհը պետք է մնա փակ։
Գյուղապետ Հ. Նիկողոսյանն իր խոսքում հայտնեց, որ ինքն այս պահին մտադրություն չունի հրաժարական տալու, իսկ հետագայում կորոշի. «Ես վստահ եմ, որ մեծամասնություն եմ կազմում։ Հիմա ի՞նչ անեմ, ես էլ իմ կողմնակիցների՞ն հավաքեմ…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Shamshyan.com-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը