01 10 2018

Հայ զինվորականները Ղազախստանում մասնակցում են «Որոնում-2018»-ին

Հայ զինվորականները Ղազախստանում մասնակցում են «Որոնում-2018»-ին

Հոկտեմբերի 1-ին Ղազախստանի զինված ուժերի «Գվարդեյսկի» զորավարժարանում մեկնարկել է «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների ներգրավմամբ:

ՊՆ-ից հայտնում են, որ զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի հետախուզական ծառայությունների և հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայացուցիչները:

«Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության ընդհանուր մտահղացման շրջանակներում: Մարզումների ընթացքում կխաղարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական եւ հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները:

«Որոնում-2018» զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ երեք հազար զինվորականներ, ավելի քան 500 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում` ավիացիոն եւ հետախուզական միջոցներ, անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժություններն անցկացվելու են հոկտեմբերի 1-ից 5-ը Ղազախստանի Հանրապետության տարածքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ