Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում ՊԲ մի շարք զորամասերում, հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 25-ից մեկնարկել են տեսչական ստուգումներ:
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դրանք նպատակ են հետապնդում ստուգել նշված կառույցների ունակությունները առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարման առումով, ունենալ մարտական պատրաստականության իրական պատկերը, ինչը հնարավորություն կտա վերադասին ենթակա ստորաբաժանումներին խնդիրներ առաջադրելիս լինել առավել հասցեական և ուսումնական ծրագրերն ու զորքերի ամենօրյա գործունեությունը կյանքի կոչել արդյունավետության առավել բարձր ցուցանիշներով:
Տեսչական ստուգումների արդյունքում մասնավոր ուշադրության կենտրոնում են լինելու մարտական խնդիրների կատարման հետ կապված ոլորտները, ինչպես նաև հրամանատարական պատրաստության, թիկունքային ապահովման և զորքերի ծառայության հարցերը: Առանձին ուշադրություն է դարձվելու նաև զորամասերում առկա սպառազինության ու ռազմական տեխնիկայի սպասարկման ու շահագործման ուղղություններին, մասնավորապես մարտական պայմաններում այն գործարկելու անձնակազմի հմտություններին ու տեսական գիտելիքներին:
Տեսչական ստուգումները ՊԲ զորամասերում շարունակվում են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը