11 09 2018

Արարատի մարզպետը կարգադրել է աշխատանքից հեռացնել թոշակառու մանկավարժներին

Արարատի մարզպետը կարգադրել է աշխատանքից հեռացնել թոշակառու մանկավարժներին

Արարատի մարզպետի կողմից դպրոցների տնօրեններին տրված կարգադրությունը՝ աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի հասած մանկավարժներին, հակասահմանադրական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Դիանա Գրիգորյանը:

«Արարատի մարզպետի կողմից դպրոցների տնօրեններին տրված կարգադրությունը՝ աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի հասած մանկավարժներին, հակասահմանադրական է:

Մարզպետ Գարիկ Սարգսյանն անցել է ՀՀ օրենսդրական նորմերի, մարդու հիմնարար իրավունքների և ազատություններրի լայնամասշտաբ ոտնահարման, որի հարգման ու պաշտպանության պարտականությունը կրում է Սահմանադրության ուժով ի պաշտոնե»,- գրել է իրավաբանը:

Մինչ այդ էլ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում մարզի Մրգավետ համայնքի դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Հակոբյանը դիմում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին՝ դժգոհելով 63 տարեկանն անց մանկավարժներին աշխատանքից ազատելու որոշման դեմ:

«Այս դպրոցում ես աշխատել եմ շուրջ 40 տարի: Այսօր առավոտյան ներկայանում եմ դպրոց՝ աշխատանքի, իմ տնօրենը կանչում է ինձ և Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ինձ ազատում է աշխատանքից՝ ասելով, որ վաղվանից չեմ կարող աշխատել: Ինչո՞ւ: Պարոն նախարար Արայիկ Հարությունյան, արդյո՞ք Ձեր հրահանգով է այս բոլորը կատարվում: Մի՞թե մենք ձեզ այլևս պետք չենք, մի՞թե մենք այս հասարակության լիարժեք անդամները չենք և այլևս այս երկրին պետք չենք: Մի՞թե մենք իրավական պետությունում չենք աշխատում, որտեղ կարող են պաշտպանված լինել նաև թոշակառուների շահերը: Խնդրում եմ Ձեզ, պարո՛ն նախարար, այդ հարցին լուծում տվեք»,- տեսանյութում ասում է ուսուցչուհին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ