Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 9-ին այցելել է «ՊիքսԱրտ» ընկերություն, ծանոթացել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության ծրագրերին ու գործունեությանը:
Շրջայցի ընթացքում «ՊիքսԱրտ»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանն ու գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը նախագահին են ներկայացրել ընկերության գործունեության առանձնահատկությունները, կառավարման համակարգի մոտեցումները, կառուցվածքը, ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաեւ PicsArt հավելվածի հնարավորությունները: Նշվել է, որ ներկայումս հավելվածը 30 լեզվով հասանելի է ամբողջ աշխարհում՝ iOS, Android եւ Windows հարթակներում: Հավելվածն ամսական 100 միլիոնից ավելի ակտիվ օգտատեր է ունենում, ովքեր ստեղծում եւ վերափոխում են մոտ մեկ միլիարդ պատկեր և տեսանույթ։
Նախագահը ծանոթացել է ընկերության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց կատարած աշխատանքով: Շրջայցից հետո նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ընկերության ղեկավարների հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումներին ու հեռանկարներին, հայաստանյան ստարտափերի հետ համագործակցությանը: Ներկայացվել են նաև ընկերության հետագա գործունեության ուղղությունները, միջազգային համագործակցության ներկա իրավիճակն ու ընդլայնման ծրագրերը, ինչպես նաև ընկերության կողմից իրականացվող կրթական ծրագրերն ու կրթական հաստատություների հետ համագործակցության խնդիրները:
Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ընկերության զարգացմանը:
Արմեն Սարգսյանը զրուցեց նաև լրագրողների հետ՝ կարծիք հայտնելով հայ-ռուսական հարաբերությունների մասին.
«Հայ-ռուսական հարաբերություններում խոր կամ լայն լարվածություն չեմ տեսնում, չեմ սպասում և չեմ կարծում, որ երբևէ կլինի»: Անդրադառնալով սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպման՝ նա նշեց, որ ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի հետ՝ մասնավորապես ՌԴ նախագահի հետ, ՀՀ ղեկավարության համար շատ էական և շատ կարևոր է: «Չեմ կարծում, որ հանրությունը ամեն մի հանդիպումից սպասելիքներ պետք է ունենա, քանի որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դարերի հարաբերություններ են, և այս կառավարությունը երկար տարիներ պետք է հարաբերություն ունենա: Ամեն անգամ մեկ-երկու հանդիպումից դրամա պետք չէ, ես վստահ եմ, որ այդ հանդիպումը անցնելու է շատ բարձր և լավ բարեկամական մթնոլորտում, և վստահ եմ, որ այդ հանդիպումները հաճախ շարունակվելու են»,-հավելեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը