ՀՀ Կառավարությունը նախատեսում է ընդունել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծ, որի նպատակն է սերունդներին պաշտպանել ծխախոտի՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և այլ հետևանքներից։ Այս մասին տեղեկանում ենք e-draft.am կայքից:
Նախագծի ընդունումը նպատակ ունի իրականացնել օրենսդրական փոփոխություններ` ՀՀ-ի կողմից վավերացված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության «Ծխելու դեմ պայքարի» շրջանակային կոնվենցիայի պահանջներին համապատասխան: Մշակված օրենքի նախագծով ամրագրվում է ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք հանրային վայրերում և թվարկվում են ծխելու և ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում ՀՀ կառավարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների լիազորությունները, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները և պարտականությունները և այլն:
Միևնույն ժամանակ, նշված նախագծի հետ համատեղ շրջանառության մեջ է դրվում մի շարք հարակից օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու նախագծեր: Դրանք են՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Ըստ նախագծի՝ ՀՀ կարող են ներմուծվել և արտադրվել ՀՀ կառավարության կողմից սահմանված ծխախոտային արտադրատեսակների անվտանգության տեխնիկական կանոնակարգին համպատասխանող ծխախոտային արտադրատեսակները, որոնք ենթակա են պարտադիր հավաստագրման:
Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, ներմուծումը, իրացումը, եթե ծխախոտային արտադրատեսակի ծխում նիկոտինի և խեժի պարունակությունը գերազանցում է կառավարության հաստատած թույլատրելի սահմանը:
Արգելվում է` ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտի օգտագործումը փակ և կիսափակ հանրային տարածքներում, աշխատանքային, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, առողջարանային, նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, բնության հատուկ պահպանվող, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ, այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների:
Արգելվում է ծխախոտային արտադրատեսակներ վաճառել 18 տարին չլրացած անձանց: Եթե վաճառողի կողմից կասկածներ են առաջացել գնորդի տարիքի վերաբերյալ, ապա նա իրավունք ունի պահանջելու անձը հաստատող փաստաթուղթ և դրա չներկայացման դեպքում չվաճառել: Ծխախոտի յուրաքանչյուր սպառողական փաթեթը պարտադիր պետք է պարունակի հայերենով մարդու առողջության վրա ծխախոտային արտադրատեսակի բացասական ազդեցության մասին տեքստ, որի մակերեսը չի կարող պակաս լինել ընդհանուր մակերեսի 50 տոկոսից: Սույն օրենքով՝ ծխախոտ օգտագործող անձինք, ովքեր դիմում են բժշկական հաստատություններ տրամադրվում է ծխախոտի կախվածության բուժման և հետևանքների վերացմանն ուղղված բժշկական օգնություն և սպասարկում, որն իրականացվում է առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանված գործելակարգի համաձայն:
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ-ում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը` պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները` կրճատելով ծխախոտի օգտագործումը: Նշենք, որ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած կճանաչվի «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ-ի կողմից 2004 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-72 օրենքը: Նախագծի մասին մանրամասները կարող եք կարդալ e-draft.am կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը