01 09 2018

6-ից 14 տարեկան շուրջ 180 երեխաներ հյուրընկալվել էին նախագահական նստավայրում

6-ից 14 տարեկան շուրջ 180 երեխաներ հյուրընկալվել էին նախագահական նստավայրում

Գիտելիքի օրվա կապակցությամբ նախագահական նստավայրում սեպտեմբերի 1-ին դպրոցական երեխաների համար միջոցառում էր կազմակերպվել:

Նոր ուսումնական տարվա մեկնարկին նախագահ Արմեն Սարգսյանի հյուրերը 6-ից 14 տարեկան շուրջ 180 երեխաներն էին, որոնց համար ժամանցային ու ուսուցողական միջոցառում էր կազմակերպվել:  

Դպրոցահասակները մայրաքաղաքից բացի նախագահական էին եկել մարզերից: Նրանց թվում էին սիրիահայ դպրոցականներ, հատուկ խնամքի կարիքներ ունեցող երեխաներ, մանկատների սաներ, ովքեր առիթը բաց չթողեցին լուսանկարվելու նախագահի հետ:

Տարածքում տեղադրված տաղավարներում թեմատիկ՝ ֆիզիկա և քիմիա առարկաներին վերաբերող հետաքրքիր և հանրամատչելի ցուցադրություններ էին ներկայացվել, երեխաները նկարում էին, կավագործությամբ զբաղվում: Նրանց համար տարբեր խաղեր էին կազմակերպվել:

Արմեն Սարգսյանից լրագրողերը հետաքրքրվեցին՝ իսկ ինքը սիրե՞լ է սեպտեմբերի մեկը և դպրոցը:

«Այո՛, սիրել եմ, երբեք չեմ զգացել, որ դպրոցում դժվարություններ կան: Իհարկե, դպրոցը պարտականություն չընդունելու համար մի փոքրիկ գաղտնիք կա, որն ուզում եմ նաև ձեզ և երեխաներին հայտնել. ամռանը, երբ որ հանգստանում էինք, հայրս ինձ սովորեցրել էր՝ հաջորդ տարվա դասագրքերը արագ անցնում էինք միասին: Հետևաբար, երբ ես սեպտեմբերի մեկին դպրոց էի գնում, արդեն համարյա գիտեի դասերը, և ինձ համար դպրոց գնալը նախ և առաջ ընկերներին հանդիպել էր, միջավայրում լինելն էր, և երբեք դաս սովորելը խնդիր չի եղել: Ինչ անում են, պետք է սիրով անեն, չպետք է ուժով պարտադրել անել ինչ-որ բան»,-ասաց նա և նշեց, որ դպրոցում սովորել է գերազանց:

«Բոլոր տասը տարիներին, համալսարանի բոլոր 5 տարիներին սովորել եմ գերազանց՝ ոսկե մեդալ, լենինյան կրթաթոշակ»,- ասաց նախագահը՝ ժպտալով ավելացնելով. «Լավ օրինակ չեմ երևի»:

Արմեն Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ նախագահական նստավայրի այգու տարածք պարբերաբար ազատ մուտք կլինի: Նրա խոսքով աշխատանքային ժամերից հետո կամ շաբաթ-կիրակի օրերին այգին պետք է բացվի բոլորի համար, որպեսզի իրենց ժամանակն անցկացնեն, գան, նստեն այստեղ, հանգստանան:

Նախագահը փոքրիկ հյուրերին ճանապարհեց նվերներով՝ գրենական պիտույքներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ