27 08 2018

ԿԳ նախարարը հորդորել է կանխել դրամահավաքը դպրոցներում

ԿԳ նախարարը հորդորել է կանխել դրամահավաքը դպրոցներում

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում վարել է օգոստոսյան խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական  և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: 

Նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կրթության ոլորտում 2018-2019 ուսումնական տարվա համար նախատեսված և ընթացքի մեջ գտնվող  բարեփոխումները, որոնք առնչվում են դպրոցական   ծրագրերին, դասագրքերին և կրթական  չափորոշիչներին:

Դպրոցների կառավարման ոլորտի փոփոխություններից ԿԳ նախարարը կարևորել է տնօրենների ընտրության և հավաստագրման, կառավարման խորհուրդների գործունեության, ուսուցիչների մրցույթների կազմակերպման բարելավումը: Արայիկ Հարությունյանը տնօրեններին կոչ է արել  դպրոցներում կանխել դրամահավաքությունը,  հրաժարվել դպրոցական  միասնական համազգեստի պարտադրանքից. «Հարգելի տնօրեններ, ես խնդրում և հորդորում եմ  գործել օրենքի և իրավունքի սահմաններում: Նախարարությունը ձեր գործընկերն է և մենք պետք է համատեղ իրականացնենք ոլորտի բարեփոխումներ»,- նշել է նա:

Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է նաև դպրոցների ավարտական քննությունների անցկացման միասնական մոդելի ներդրման հարցին, խոսել դպրոցների լիցենզիաների պարտադիր առկայության, ֆինանսավորման նոր բանաձևի մշակման և այլ հարցերի մասին:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է նաև նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, որպեսզի 2020 թվականից մարզում ներդրվի համընդհանուր ներառական կրթություն:

Խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարարը պատասխանել է նաև տնօրենների հարցերին: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ