Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչները քաղաքապետարանից պահանջում են աղբավայրի հետ կապված խնդիրների հրատապ լուծում: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի հետ հանդիպմանը քաղաքացիները դժգոհեցին, որ աղբի կուտակումից բնակաչության տեղաշարժը տարածքով դարձել է անհնար:
«Մենք հասկանում ենք, որ այս պահին հնարավոր չէ փակել աղբավայրը, դրա համար փոքր ու ժամանակավոր լուծում ենք առաջարկում, որը քաղաքապետարանը կարող է իրականացնել: Առաջարկում ենք շինարարական տեխնիկայով աղբը տանել և լցնել հարակից ձորը և հողով ծածկել, որ գարշահոտությունը վերանա: Հետագայի համար ուզում ենք տեղեկանալ, թե ինչ ծրագիր ունեն իշխանությունները, ինչպես է լուծվելու խնդիրը»,-ասաց Նուբարաշենի բնակիչներից մեկը:
Նրանց խոսքով՝ այս խնդիրը միշտ բարձրաձայնվել է, բայց երբեք լուծում չի ստացել:
Կամո Արեյանը համաձայնեց բոլոր մտահոգությունների հետ՝ նշելով, որ աղբավայրն, իսկապես, վտանգ է ներկայացնում թե բնապահպանական, թե առողջության, թե քաղաքաշինական, թե հողերի աղտոտման տեսանկյուններից.
«Կառավարության և ՎԶԵԲ-ի միջև կնքվել է վարկային համաձայնագիր, որ այդ վայրին հարակից ստեղծվի նոր, ժամանակակից աղբավայր: Աղբավայրը լինելու է պարսպապատված, լուսավորության համակարգով հագեցած, ընդունիչ կետով, պահակային ծառայությամբ, կշեռքով: Ամբողջ ստորգետնա տարածքը կդառնա դրենաժային համակարգ, որպեսզի ջրերը չկուտակվի, չաղտոտի տարածքը, հոտի տարածում չլինի, հատակը ջրամեկուսացվելու է՝ հողերը հետագա աղտոտումից փրկելու համար: Աղբավայրն ունենալու է նաև պարտադիր ցողման և հողածածկման աշխատանքներ: Յուրաքանչյուր ընդունումից հետո պետք է տոփանվի աղբը, ցողվի ջրով, որպեսզի հոտի խնդիրը վերանա: 28 հա վրա պետք է կառուցվի աղբավայրը: 1-2 տարվա ընթացքում կմեկնարկի ծրագիրը»,-ասաց Արեյանը:
Ինչ վերաբերում է այսօր ստեղծված իրավիճակի հնարավոր լուծումներին, քաղաքապետի պաշտոնակատարն ասաց. «Այս պահին առաջարկում եմ առավելագույնս անել ամեն ինչ, որ աղբը հնարավորինս հեռու լինի բնակավայրից: Կքննարկենք նաև, թե ինչ է պետք անել, հողով ծածկելու ուղղությամբ, գոնե այն հատվածը, որը բերում է դեպի Նուբարաշեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը