«S.O.S Սևան» նախաձեռնությունը, որը միավորում է տասնյակ հասարակական կազմակերպությունների և անհատների, բաց նամակ է ուղղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանին և ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին` առաջարկելով մերժել ՀՀ կառավարության ներկայացրած Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծը:
Բաց նամակում նշված է.
«Կառավարությունն օգոստոսի 23-ին միաձայն որոշում ընդունեց Սևանա լճից 40 միլիոն խմ հավելյալ ջրառի մասին: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը օգոստոսի 28-ին ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը արտահերթ նիստում: Քննարկման ժամանակ հիմնականում ներկայացվեց ոռոգման ջրի խնդիրները: Ոչ մի գնահատական չտրվեց սպասվող ջրառի արդյունքում Սևանա լճին սպառնացող վտանգներին: Չներկայացվեց հասարակական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների հիմնավորումները Սևանա լճի մակարդակի իջեցմամբ պայմանավորված լճի ճահճացման ռիսկերի վերաբերյալ, որոնք արդեն «S.O.S Սևան» նախաձեռնության կողմից բաց նամակով ներկայացված են եղել ՀՀ վարչապետին:
Կառավարությունը չանդրադարձավ Սևանա լճի ափամերձ համայնքներին սպառնացող ռիսկերին, որոնք կապված են լճի էկոլոգիական վիճակով պայմանավորված զբոսաշրջային բիզնեսի անկման և սոցիալական վիճակի վատացման հետ, ինչին ականատես եղանք այս տարի: Քննարկման ընթացքում նշվեց Սևանա լճի բացասական հաշվեկշռի անթույլատրելիության մասին, սակայն ոչ ոք չասաց, որ Սևանա լիճը 2018թ-ի հունվարից մինչ օրս ունի բացասական հաշվեկշիռ, ինչը հակասում է «Սևանա լճի» մասին ՀՀ օրենքի և այս օրենքից բխող «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Այս փաստը վկայում է, որ Կառավարությունն ընդունեց հակաօրինական որոշում:
Նախագծի ռիսկերն են`
Վերջապես պետք է գնահատել, թե ինչ կորուստներ կունենա Հայաստանը և հայ ժողովուրդը` Սևանա լիճը կորցնելով:
«S.O.S Սևան» նախաձեռնությունը դիմում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Արա Բաբլոյանին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին, բոլոր խմբակցություններին և պատգամավորներին` մերժելու կառավարության ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը