Հայաստանում այս տարի դիտվում է կապույտ հազով հիվանդացության բարձրացում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Կապույտ հազին բնորոշ է 3-4 տարին մեկ պարբերական աշխուժացումը: Վերջին պարբերական բարձրացումը գրանցվել է 2013-2014 թվականներին: Հիվանդացության պարբերական ակտիվացումը պայմանավորված է պատվաստումներում ուշ ընդգրկման, պատվաստումներից հրաժարման և թերի պատվաստված անձանց կուտակմամբ, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժով։
2018թ. հունվար-հուլիսին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում կապույտ հազի հիվանդացությունն աճել է մոտ 3 անգամ. արձանագրվել է կապույտ հազի 118 դեպք: Հիվանդների 81%-ը չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են: Կապույտ հազը մանրէային հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Սկսվում է ընդհանուր թուլությամբ, հազով, ջերմության բարձրացմամբ:
Աստիճանաբար հազը դառնում է նոպայաձև, նոպայի վերջում ներշնչման ժամանակ երեխան ուժեղ հաչոցանման ձայն է հանում։ Նոպայաձև հազի ժամանակ երեխան կարող է կապտել, ինչով էլ պայմանավորված է հիվանդության անվանումը:Կապույտ հազին բնորոշ են բարդություններ` թոքաբորբ, բրոնխիտ, էնցեֆալիտ (ուղեղի ախտահարում), որոնք կարող են երեխայի հաշմանդամության պատճառ դառնալ։ Հիվանդությունը հատկապես ծանր են տանում մինչև մեկ տարեկան երեխաները։ Նրանց մոտ հազը կարող է առաջացնել շնչառության կանգ։ Այս տարի գրանցված կապույտ հազի դեպքերից 65-ը 0-1 տարեկան երեխաներ են:
2018թ. արձանագրվել է կապույտ հազից 2 ամսական երեխայի մահվան դեպք: Առողջապահության նախարարությունը հերթական անգամ ընդգծում է` կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդության առաջացումը և դրա հետևանքով առաջացած բարդությունները: Սովորաբար հավանականությունը շատ փոքր է, որ չպատվաստվածները դուրս մնան այդ համաճարակաբանական պրոցեսից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը