Վերջին շաբաթներին շատ են տեղեկությունները, որ դպրոցներ են վերադառնում և ուսումնառությունը շարունակելու փաստաթղթեր են ներկայացնում արտասահմանից ներգաղթածների մեր հայրենակիցները: Այս մասին օգոստոսի 19-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
ԿԳ նախարարը կոչ-խնդրանք ուղղեց դպրոցների տնօրեններին, աշակերտներին և նրանց ծնողներին. առավելագույն աջակցել ներգաղթյալ ընտանիքների երեխաներին՝ դպրոցներում ինտեգրվելու համար:
«Վերադարձը սթրես է երեխաների համար, քանի որ նրանք շրջապատն են փոխում, միջավայր էր փոխում, երկիրն են փոխում, դասավանդման մեթոդներն են այլ: Վստահաբար, խնդիրներ կունենան տարբեր ծրագրերի, առարկաների հետ: Եվ մեր բոլորիս աշխատանքն է, որպեսզի վերադարձը հեշտ լինի նրանց համար»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
Նախարարը տնօրեններին հորդորեց, որ եթե նրանք ունեն փաստաթղթային խնդիրներ կամ դպրոցներում էլ չգիտեն՝ ինչպես անել այդ ձևակերպումները, անպայման կապվեն մարզպետարաններում կրթության պատասխանատուների հետ:
«Եթե այդ երեխաները փաստաթղթերի պակաս են ունենում, փորձեք լուծումներ գտնել, փորձեք նախարարության հետ խնդիրներ գտնել: Ուղղակի խնդրում ենք աջակցել այդ երեխաներին, որպեսզի նրանք վերադառնան»,- ասաց նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը