ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ:
Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի կենտրոնից:
ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի օգոստոսի 13-ին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները փորձել են ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց տեղափոխել Վրաստան՝ Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ երկիր:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներով պարզվել է, որ քաղաքացի Մ. Ի.-ին ԻԻՀ-ում ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով շուրջ 8 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց, ապա, շրջանցելով հայ-իրանական անցակետը, ապօրինի մուտք է գործել ՀՀ տարածք: Գտնվելով ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո, Մ. Ի-ին թմրամիջոցների փաթեթները փոխադրել է Երևան քաղաքի ուղղությամբ, որի մատույցներում և բռնվել է վերջիններիս կողմից:
ԱԱԾ աշխատակիցներին հաջողվել է պարզել նաև թմրամիջոցների պատվիրատու հանդիսացող երկու անձանց՝ ՀՀ քաղաքացի Ն. Խ-ին և Վրաստանի քաղաքացի Ջ. Կ-ին, ովքեր բացահայտվել ու բռնվել են օպերատիվ հսկողության ներքո թմրամիջոցը իրենց փոխանցելու պահին: Վերջիններս պատրաստվում էին թմրամիջոցը տեղափոխել Վրաստան և իրացնել:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում 3 անձ ձերբակալվել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը