16 08 2018

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Երևանի օր սահմանել

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Երևանի օր սահմանել

ՀՀ Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ ցուցակով ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Երևանի օր սահմանել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի երևանցիներ, «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի հանրապետության օրենքում մենք ունենք պետականորեն ամրագրված բազմաթիվ տոն օրեր` Երկրապահի օր, Մայրենիի օր, Ընտանիքի օր, Տեղական ինքնակառավարման օր, Ուսուցչի օր, Գիտելիքի և դպրության օր։ Փաստորեն, մեր տոնացույցում մայրաքաղաք Երևանի օր չունենք։ Ընդամենը` կառավարության որոշմամբ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Երևանի օր` բոլորիս հայտնի «Էրեբունի-Երևանը»:

Ես բնավ չեմ առաջարկում ոչ աշխատանքային օրերի թիվը ավելացնել ևս մեկով, քանզի ինքս կատեգորիկ դեմ եմ ոչ աշխատանքային օրերի այս շքերթին։

Սակայն, կարծում եմ, որ եթե մենք «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում որպես տոն ունենք վերոնշյալ տոներն ու բազմաթիվ այլ տոն օրեր, որ չեմ թվարկում, ապա Երևանի օրը անպայմանորեն պիտի ներառվի մեր տոնացույցում։ Գրեթե 3000-ամյա պատմություն ունեցող քաղաքն իր ծննդյան տոնը «Հայաստանի հանրապետության Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի տոնացույցում ունենալու իրավունքը, կարծում եմ, վաստակել է: Եթե դեմ չեք, ես այսօր նման օրենսդրական նախաձեռնություն կդնեմ շրջանառության մեջ։

Եվս մեկ անգամ կրկնում եմ, Երևան քաղաքի օրը օրենքով ամրագրելու ցանկությունս բնավ կապ չունի այդ օրը ոչ աշխատանքային համարելու հետ: Օրը կլինի աշխատանքային, ինչպես տոնացույցով նախատեսված մի շարք այլ տոն օրեր»,- գրել է պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ