14 08 2018

Ադրբեջանական ձմերուկ ՀՀ չի ներմուծվել. ՍԱՊԾ-ն հերքում է

Ադրբեջանական ձմերուկ ՀՀ չի ներմուծվել. ՍԱՊԾ-ն հերքում է

Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ, որը, հնարավոր է, ունի ադրբեջանական ծագում: Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Տեղեկացնում ենք, որ ս/թ հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ տարածք ձմերուկ ներմուծվել է բացառապես Վրաստանից և Ռուսաստանից, ընդհանուր՝ 1327 տոննա, որից 781 տոննան ներմուծվել է միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում:

Հավելենք, որ ներմուծված խմբաքանակի հիմնական ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին` 1327-ից 1217 տոննան, որն ավելի քան տասն անգամ գերազանցում է Վրաստանից ներմուծման ծավալը (110 տոննա):

Երկու երկրներից ներմուծված ձմերուկների համար տրամադրված ուղեկցող փաստաթղթերը հավաստում են, որ վերջիններս ունեն ռուսական և վրացական ծագում:

Շրջայցերի ընթացքում ևս փաստվել է, որ իրացման ցանցում ձմերուկները վաճառվում են որպես ռուսական (Աստրախանի ձմերուկ): Թեև ոչ բոլոր դեպքերում է առկա մակնշում, ինչը բուսական ծագման մթերքի համար պարտադիր չէ, այդուհանդերձ իրացնողները տեղեկացրել են, որ ձմերուկն Աստրախանից է:

ԶԼՄ հրապարակումներում չի ներկայացվում որևէ հիմնավորում, թե ներմուծված ձմերուկն ադրբեջանական ծագում ունի: Ուստի հորդորում ենք չտարածել չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն՝ հանրության շրջանում արհեստական անհանգստություն չստեղծելու նպատակով:

Հիշեցնենք, որ պտուղ-բանջարեղենի ներմուծման ժամանակ սահմանային հսկիչ կետում իրականացվում է պարտադիր բուսասանիտարական վերահսկողություն. նախ ստուգվում է ներմուծող երկրի բուսասանիտարական հավաստագիրը, ապա կատարվում է զննում՝ կարանտին վնասատուներ և հիվանդություններ հայտնաբերելու նպատակով, իսկ դրանց առկայության վերաբերյալ կասկածների դեպքում՝ կատարվում է նմուշառում և ուղարկվում լաբորատոր փորձաքննության:

Եվս մեկ անգամ դիմում ենք բոլոր քաղաքացիներին՝ կասկածելի մթերքի իրացում նկատելու դեպքում ահազանգել տեսչական մարմնի թեժ գծին 010 20 60 40 և 012 90 60 90 հեռախոսահամարներով»,- նշվում է ՍԱՊԾ հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ