Հայաստանում ջրահեղձման դեպքերը գրանցվում են հիմնականում ամռանը, երբ մարդիկ շոգից ու տապից «փախչում են» Սևանա լիճ կամ այլ ջրավազաններ: Ջրում խեղդվել կամ վտանգավոր վիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուրը` անկախ լողալու վարպետության աստիճանից:
ԱԻՆ-ը ներկայացնում է, թե ինչ է պետք անել, եթե տեսնում եք խեղդվողի: Ամենակարևորը. ջրային պատահարների գերակշիռ դեպքում խեղդվողը չի կարողանում օգնություն կանչել նաև խուճապի մեջ ընկնելու պատճառով: Եթե ջրավազանի ափին եք և ջրում գտնվողի տարօրինակ վարքի ականատես, մեծ է հավանականությունը, որ լողորդը օգնության կարիք ունի: Ուշադիր, զգույշ և առանց հապաղելու օգնության հասեք: Եթե հնարավոր է՝ փորձեք օգնություն ցույց տալ առանց ջուրը մտնելու:
Խեղդվողը կարող է առանց մտածելու կառչել ձեր պարանոցից, և դուք ինքներդ օգնողից կդառնաք տուժող։ Ամեն դեպքում` խոսեք նրա հետ, հուսադրող և քաջալերող արտահայտություններ օգտագործեք, նրան մեկնեք ջրում չսուզվող առարկա` ծառի ճյուղ, փայտյա ձող, բերանը փակած պլաստիկ տարա: Հենց տուժածը բռնի առարկան, դանդաղ քաշեք այն դեպի ափ: Եթե տուժածը ափից հեռու է, առարկան կապեք պարանով և նոր նետեք: Եթե տուժածը մոտ է` ձեռքի հեռավորության վրա, իսկ ջրավազանի ափը կտրուկ է, պառկեք ափին և զգուշորեն ձեռք մեկնեք:
Ողջ ընթացքում խոսեք տուժածի հետ:Եթե տեղյակ եք ու վստահ, որ ջուրը ծանծաղ է, չի անցնում ձեր ուսերից, կարող եք կանգնել ջրի մեջ և նույնը անել: Աշխատեք տուժածին շատ չմոտենալ, առարկան մոտեցրեք, այն թող լինի ձեր և տուժածի միջև:Եթե տուժածը ջրի մեջ երեսնիվայր է, զգուշորեն շրջեք և թևատակերից բռնելով՝ հետ-հետ քայլելով հանեք ջրից: Եթե ենթադրում եք, որ տուժածի ողնաշարը վնասված է, աշխատեք բացառել գլխի և ողնաշարի շարժումները: Տուժածի մարմինը հորիզոնական դիրքով` դեմքով դեպի վեր, պահեք ջրում և առանց հապաղելու զանգահարեք արագ արձագանքման ծառայություններ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը