Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 8-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի՝ 2018 թվականի հուլիսի 12-ի հանձնաժողով ներկայացված №16790 գրությունը, որով ընկերությունը տեղեկացնում էր, որ լրանում է կարգավորողի՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի №379Ն որոշմամբ սահմանված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերի կնքման ժամկետը:
Հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 6-ի N519Ն որոշմամբ՝ այդ ժամկետն արդեն մեկ անգամ երկարաձգվել էր՝ մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը, ընկերությունը, սակայն, գրությամբ փաստում է, որ մինչ օրս բաժանորդների 24 տոկոսի հետ հնարավոր չի եղել կնքել մատակարարման պայմանագրեր. հանրապետությունից նրանց բացակայելու, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ լիազորություններ չունենալու, պայմանագիր կնքելուց հրաժարվելու պատճառներով: Ենելով այս իրողությունից՝ «Վեոլիա Ջուրը» կարգավորողին խնդրել էր քննարկել վերը նշված պայմանագրի կնքման ժամկետը մինչև 2019 թվականի հունիսի 1-ը երկարաձգելու հարցը:
Հանձնաժողովն ընդունել է որոշում, որով երկարաձգել է բաժանորդների հետ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման ժամկետը՝ մինչև 2019 թվականի հունիսի 1-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը