Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է Ոստիկանության կողմից 2018 թ. առաջին կիսամյակում մարդու իրավունքների խախտման դեպքերի՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքները:
Այս առնչությամբ կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Տեղեկանքում ԶԼՄ մշտադիտարկման արդյունքները ներկայացված են նախորդ երեք տարիների համեմատությամբ: Ըստ այդմ՝ կարծես թե, դասեր են քաղում ու իրենց գործում հմտանում ինչպես զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, այնպես էլ ցուցարարներն ու ոստիկանության ծառայողները:
Լրատվամիջոցներն ավելի պատրաստված են, նյութերն ավելի ընդգրկուն, ցուցարարները` ավելի իրազեկ իրենց իրավունքներին, ոստիկաններն էլ, իրենց հերթին, ավելի հաճախ ու բացահայտ դիմում են քաղաքացիական հագուստով անձանց «ծառայությանը»` ինչպես կարելի է եզրահանգել ցույցերից հետո քրեական գործերի բովանդակություններից և ներգրավվող անձանցից, ըստ երևույթին՝ որպեսզի խուսափեն հնարավոր քրեական պատասխանատվության ենթարկվելուց:
Սակայն պետք է փաստել, որ զուգահեռաբար աճել է նաև լրագրողների աշխատանքի վտանգավորության աստիճանը. միայն 2018 թվականի ապրիլի 16-22-ը՝ 7 օրվա ընթացքում, արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու 17 դեպք, որոնց ժամանակ ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել 13 լրագրող:
Մշտադիտարկումը ցույց է տալիս նաև, որ մարզերում հանրային միջոցառումները պատշաճ ձևով չեն լուսաբանվում, հավանաբար՝ մարզերում ԶԼՄ-ների սահմանափակ ներկայացվածությամբ և ռեսուրսների անբավարարությամբ պայմանավորված: Այս տեսանկյունից կարևոր է ընդգծել, որ տեսախցիկով լրագրողը կարող է նվազագույնն արձանագրել և վավերագրել խախտումը, իսկ առավելագույնը` կանխարգելիչ դեր ունենալ ոստիկանության ապօրինի գործողությունների համատեքստում:
Ուսումնասիրությունը համեմատություն է անցկացնում նաև 2015-2018 թվականների մայիս-հունիս ամիսներին ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի միջև՝ հաշվի առնելով 2018 թ. մայիսի 8-ից Հայաստանում նոր կառավարության հանգամանքը:
Ըստ այդմ՝ 2018 -ի մայիս-հունիս ժամանակահատվածում արձանագրվել է 6 դեպք, մինչդեռ 2017-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 29, 2016-ին՝ 31, 2015-ին՝ 7:
2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման ընդհանուր 166 դեպք: Հատկանշական է, որ եթե 2018 թ.-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է 29 դեպք, ապա ապրիլ ամսին աձանագրվել է 119 դեպք (116-ը` հանրային միջոցառումների ժամանակ):
Մայիս ամսին արձանագրվել է 5 անհատական բնույթի դեպք և ոչ մի դեպք հանրային միջոցառումների ժամանակ,և հունիս ամսին արձանագրվել է մեկ դեպք հանրային միջոցառումների ժամանակ, երբ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների և ԱԱԾ-ի մոտ փողոցի երթևեկելի հատվածում ցույց անող Մանվել Գրիգորյանի աջակիցների միջև:
Ճիշտ է, կիսամյակային կտրվածքով դեպքերի քանակն ավելի քիչ է նախորդ տարիների համեմատ, սակայն 166 դեպքերից 119-ն արձանագրվել է շատ կարճ ժամանակահատվածում` ապրիլի 11-25-ը, իսկ բերման ենթարկվածների թիվը կազմել է 1200 անձից ավելի, ինչն աննախադեպ է: Համեմատության համար նշենք, որ մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը բերման ենթարկվածների թվով առաջատարը 2016 թվական էր, երբ հուլիսի 17-ին` Սասնա Ծռեր խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելու օրը մեկնարկած ցույցերի ժամանակ` մինչև հուլիսի 30-ը, ԶԼՄ-ներով արձանագրվել էր ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 84 դեպք, իսկ բերման էր ենթարկվել մոտ 700 անձ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը