Մեքենաշինական Tesla ընկերությունը ներկայացրել է 2018թ. երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը, ըստ որի՝ ամերիկյան ընկերությունը երեք ամսում ռեկորդային կորուստ է ունեցել: Այս մասին հայտնում է Meduza.io-ն:
Երեք ամսվա կորուստը կազմում է 717.5 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունն արձանագրել էր 336.4 մլն դոլարի կորուստ: Այսինքն կորուստը, նախորդ տարվա համեմատությամբ, մեծացել է երկու անգամ: Ընկերության հիմնադիր Իլոն Մասկը, մեկնաբանելով ռեկորդային ցուցանիշները, ներողություն է խնդրել ներդրողներից:
Ինչպես հաղորդվում է, չնայած ընկերությունը ռեկորդային կորուստ է ունեցել, այնուամենայնիվ, հաշվետվության հրապարակումից հետո Tesla-ի արժեթղթերի գինն աճել է ավելի քան 9%-ով շնորհիվ այն բանի, որ ընկերությանը հաջողվել է ապահովել 4 միլիարդ դոլարի եկամուտ: Ոլորտի վերլուծաբանները տարվա երկրորդ կեսի համար կանխատեսել են արտադրական ծավալի, համախառն շահույթի աճ:
Ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկն իր հերթին ներդրողների հետ հանդիպման ժամանակ հայտտնել է, որ ընկերությունը մտադիր է եկամուտ ստանալ արդեն հաջորդ եռամսյակում, այդ թվում՝ մեծացնելով «Model 3» էլեկտրական մեքենաների արտադրությունը: Վերջին եռամսյակում Tesla-ն արտադրել է 53.339 մեքենա, որից վաճառվել է ավելի քան 40.000-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը