26 07 2018

ՃՈ-ն այսուհետ կկիրառի բալային համակարգ

ՃՈ-ն այսուհետ կկիրառի բալային համակարգ

ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ նվազ նշանակություն ունեցող խախտումների հանդեպ ուղղակի նախազգուշացում կարվի: Արդեն որոշ ժամանակ է, ինչ ՃՈ աշխատակիցներն այդպես են վարվում, սակայն վարորդները դա ճիշտ չեն հասկացել և սկսել են ավելի շատ խախտումներ անել։ 

«Տեսուչները կանգնեցնում էին նվազ նշանակություն ունեցող խախտումներ անողներին, զգուշացնում, գրքում համապատասխան գրառում էին կատարում, ճանապարհում: Բայց եթե լինում են խախտումներ, որոնք ավելի կոպիտ են, հավաստիացնում եմ, որ ցանկացած տեսուչ վարչական պատասխանատվության է ենթարկելու վարորդին։ ՃՈ-ն մայիսի 23-ից առ այսօր 80 հազար զգուշացում է ուղարկել վարորդներին իրենց կատարած խախտումների հետ կապված»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով, որ ճանապարհային երթեւեկության իրավախախտումների համար վարչական տուգանքներն այլևս չեն գերազանցելու 30 հազար դրամը, սակայն կկիրառվեն լրացուցիչ տույժեր։ 

«Վերանայվում են վարչական տուգանքները ոչ միայն տեսահսկման համակարգի միջոցով ֆիքսված իրավախախտումների գործերով, այլ ընդհանրապես իրավախախտումների մասով։ Այլևս չեն լինի 30 հազարից ավելի տուգանքներ, սակայն տուգանքների հետ մեկտեղ կկիրառվեն լրացուցիչ տույժեր՝ բալերի տեսքով, որն ավելի զսպող և արդյունավետ կլինի, քան տուգանքի չափի մեծությունը»,-ընդգծել է նա:

ՃՈ-ն այսուհետ կկիրառի բալային համակարգ, այսինքն՝ յուրաքանչյուր վարորդի տարեսկզբին տրամադրվելու է 9 բալ: Երբ որոշակի խախտումներ կատարելուց հետո այդ բալերը սպառվեն, տրանսպորտային միջոց վարելու իրավունքը 6 ամիս ժամանակով կկասեցվի:

Գնդապետ Եգոր Կարապետյանը նաև նշել է, որ ճանապարհապարեկային ծառայության աշխատակցի գործը շատ դժվար է: «Չեմ կարծում, որ կինը կարող է այդ դժվարին միանալ: Երբ վարչական մասում թափուր հաստիքներ ունենանք, հայտարարություն կտանք և, ինչու ոչ, կանանց կարելի է հրավիրել այդ հաստիքներում աշխատելու»,-ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ