Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 26-ին ուժի մեջ կմտնի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշյալ օրենքի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ձեռնամուխ կլինի այն կատարողական վարույթների կարճմանը, որոնք հարուցվել են 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա: Եթե հիշյալ վարույթներում առկա է արգելադրված գույք, ապա այն կհանվի արգելանքից:
Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի համարները, որոնց հիման վրա հարուցված կատարողական վարույթները կկարճվեն, ցանկով տեղադրվելու են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում։ Քաղաքացիների կողմից լրացուցիչ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Վարույթները կկարճվեն ըստ հերթականության` 2017 թվականի դեկտեմբերի 31-ից հետհաշվարկով մինչև 2012թ հունվարի 1-ը: Գործընթացի գերակշիռ մասը կավարտվի հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց 3 ամսվա ընթացքում: Նշված ժամկետը պայմանավորված է մոտ 1,5 միլիոն կատարողական վարույթների առկայությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը