Հայտնի բլոգեր Nas Daily-ն հերթական մեկրոպեանոց տեսանյութն է հրապարակել Հայաստանից: Նոր տեսանյութում նա անդրադարձել է պատերազմին և դրա երկարաժամկետ վատ հետևանքներին: Տեսանյութը նկարահանվել է Հայաստանի այն տարածքում, որտեղ Ադրբեջանի հետ պատերազմից հետո դեռևս ականապատ հատվածներ են մնացել:
«Չնայած պատերազմից 25 տարի է անցել, բայց մինչ օրս զինվորները շարունակում են ականազերծման աշխատանքները, ականների հետևանքով զոհեր ու վիրավորներ են լինում»,- ասում է բլոգերը՝ ընդգծելով, որ անգամ եթե այս պահին ավարտվի Սիրիայում տարիներ շարունակվող պատերազմը, ավերված դպրոցները, ենթակառուցվածքներ ու չականազերծված դաշտերն իրենց ազդեցությունը կթողնեն դեռ մի քանի սերունդների վրա:
«Քանի դեռ պատերազմից 25 տարի անց ականներ են պայթում, ես համոզված եմ, որ պատերազմը չի ավարտվում, անգամ երբ խաղաղություն է հաստատվում»,- նշում է Nas Daily-ն:
Ֆեյսբուքյան իր էջում պատասխանելով օգտատերերի գրառումներին՝ բլոգերը հավաստիացրել է, որ Հայաստանը բացարձակապես անվտանգ երկիր է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակած տեսանյութում Nas Daily-ն պատմել էր հայկական ցայտաղբյուրների, շախմատի ու հայ անվաչմշկորդ Լևոնի մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը