Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած բլոգեր Վլադ Մագան, ով հայկական արմատներ ունի, ժամանել է Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Տիգրան Քոչարյանը:
«Ընկերներ, Վլադիսլավ Մոսեսովի (Վլադ Մագա) հետ, ով հարևան պետության մասին աղմկահարույց տեսանյութի հեղինակն է, արդեն ամեն ինչ լավ է, ողջ է և առողջ ու բավականին լցված: Նա գտնվում է իր պատմական հայրենիքում, հրաշք ընկերների շրջապատում: Շուտով նա կպատմի ամեն ինչ իր բլոգում»,-գրել է Տիգրան Քոչարյանը։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Հայաստանը դիտարկում է բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովին աջակցելու հարցը:
Հիշեցնենք, որ հայկական արմատներով բլոգերը բելառուսական անձնագրով ժամանել էր Ադրբեջան և այցելել Գյանջայում (Գանձակ, նախկինում՝ Կիրովաբադ) իր ծնողների տուն: Բլոգերը նշել էր՝ նյութը հրապարակելուց հետո նրա հասցեին մի շարք սպառնալիքներ են հնչեցվել: «Ես խաղաղությամբ եմ եկել երկիր: Իմ նպատակն է մարդկանց ցույց տալ՝ ինչպիսին նրանք կան: Բայց շատերը լավը չեն տեսել, միայն՝ բացասականը»,- հայտնել էր բլոգերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը