17 07 2018

Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի լավագույն թեկնածուն է. Ռուբեն Հայրապետյան

Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի լավագույն թեկնածուն է. Ռուբեն Հայրապետյան

Հուլիսի 17-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ֆեդերացիայի գործկոմի նիստը: Նիստի ավարտից հետո Ռուբեն Հայրապետյանը 3 լրատվամիջոցի հետ զրուցել է հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունների մասին:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով իր հրաժարականի մասին հարցին, նշել է. «Նախ ասեմ, որ ես հրաժարական չեմ տալիս: Մամուլում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:

Օրերս մամուլում քննարկվում է, որ հնարավոր է՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը դառնա ՀՖՖ նախագահ: Այս առնչությամբ Ռուբեն Հայրպետյանն ասել է. «Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն:

Ես ասեմ, թե ինչի համար կառաջադրվեմ. ոչ թե ուզում եմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում լինել, ոչ, կարևոր չէ զուտ պաշտոնը: Կառաջադրվեմ միայն այն բանի համար, որպեսզի չգան եղածը քանդեն: Ինձ կարող են ամեն ինչի մեջ մեղադրել… այնպես չէ, որ ես ՀՖՖ լավագույն նախագահն եմ: Միայն կույրը կարող է չտեսնել, թե ինչքան բան եմ ես կառուցել: Չեմ թողնի այն մարդկանց ձեռքը, ովքեր կգան ու ֆուտբոլին վնաս կտան: Կարծում եմ՝ Վանեցյանը կարող է իմ արածի վրա էլ ավելացնել: Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ ինձ ընտրել ցանկացողներն իրեն ընտրեն:

Ակումբների վայ-ղեկավարները իմ դեմ «վայնասուն» են բարձրացրել: Սա միշտ եղել է…: Ինձ մեղադրում եմ սեփականությունս տալ-չտալու մեջ, ակումբի անուն գրանցելու մեջ… իրենց թվարկած հարցերում օրենքի կետ չկա: «Շիրակը» «բռնվել է» կոռուպցիայի մեջ: Վերցրեք «Փյունիկի» ղեկավարի, իր կողքի մարդկանց մեղադրանքները և իրականության հետ համադրեք: «Փյունիկի» բոլոր թիմերը նա նվեր է ստացել: Նորմալ է, իշխանություն է փոխվել, մարդիկ ակտիվացել են: Ես կարծում եմ, որ այո, ինքս էլ պետք է գնամ

Իր ապագա պլանների մասին հարցին ի պատասխան՝ ՀՖՖ նախագահն ասել է. «Ես չեմ հեռանալու ֆուտբոլից, թիմ եմ պահելու` «Նորացված «Փյունիկ»: Դպրոցում ընդունելություն է սկսվել, իր հունով կգնա:»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ