14 07 2018

Խնդիրներն ավելի խորն են, քան տույժ-տուգանքներից ազատումը. «Հայոց աշխարհ»

Խնդիրներն ավելի խորն են, քան տույժ-տուգանքներից ազատումը. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Կառավարության նախաձեռնության շրջանակներում բանկերը սկսել են ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները դուրս գրելու գործընթացը։ Առաջին հայացքից թվում է, թե գտել են խնդրի լուծման արդյունավետ տարբերակ։

Իրականում, սակայն, այդպես չէ։ Ինչպես սովորաբար լինում է համաներումների դեպքերում, այդ ճանապարհով ընդամենը հետաձգվում և ոչ թե լուծվում են խնդիրները։ Դրանք շատ ավելի խորն են, քան տույժ-տուգանքների ներումն է։

Կասկած չկա, որ կարճ ժամանակ անց վարկային շուկայի մասնակիցները դարձյալ հայտնվելու են նույն կացության առաջ։ Ու դեռ հարց է, թե համաներումից հետո վարկառուների ո՞ր մասը կկարողանա սպասարկել վերակառուցված վարկերը և նոր տույժ-տուգանքներ չի կուտակի։

Վարկերի սպասարկումը կապված չէ տույժ-տուգանքների հետ։ Բանկերը միշտ էլ հակված են եղել հրաժարվել դրանցից, եթե վարկառուն պատրաստ է վերադառնալ իր պարտավորությունների պատշաճ կատարմանը։ Այնպես չէ, որ բանկերը ոգևորված են տույժ-տուգանքների ձեւավորմամբ, երբ վարկառուն առանց այդ էլ չի կարողանում կատարել իր պարտավորությունները։ Հասկանալի է, որ դա առավել եւս անհնարին կլինի նոր ֆինանսական պարտավորություններ առաջադրելու դեպքում։

Այնպես որ, համաներումը բխում է ոչ միայն վարկառուների, այլև բանկերի շահերից։ Նրանք կարող են հույս ունենալ, որ առանց հավելյալ քաշքշուկների և դատական պրոցեսների կստանան գոնե մայր գումարներն ու տոկոսները։

Սակայն խնդիրը բոլորովին էլ տույժ-տուգանքները չեն։ Երբ մարդիկ հնարավորություն չունեն սպասարկել վարկերը, ամենևին էլ կարևոր չէ՝ դրանք կլինեն տույժ-տուգանքներով թե առանց դրանց։ Խնդիրը սա է, որը սպառնում է կարճ ժամանակ անց ամեն ինչ վերադարձնել ի շրջանս յուր։

Այս պայմաններում կառավարությունն ու բանկերը պարտավոր են առաջին հերթին մտածել ոչ թե տույժ-տուգանքների ներման, այլ այդ երևույթը ծնող պատճառները վերացնելու մասին։ Դրա համար անհրաժեշտ է նախ և առաջ բարձրացնել վարկառուների վճարունակությունը։ Այլ կերպ ասած, ավելացնել եկամուտները։

Այժմ տեսնենք, թե ի՞նչ է մտածում կառավարությունը և ի՞նչ ակնկալիքներ կան այս առումով։

Մոտակա ժամանակահատվածում (խոսքը մինչև 2020թ. մասին է), Հայաստանում աշխատավարձերի բարձրացում չի սպասվում, որովհետև պետական բյուջեն չունի նման հնարավորություն։

Հասարակության եկամուտների ավելացման հարցում անշուշտ կարևոր դեր ունի ոչ միայն աշխատավարձի աճը, այլև նոր աշխատատեղերի բացումը։ Եթե չկան ներդրումային ակնկալիքներ, անիմաստ է խոսել գործազրկության կրճատման կամ մարդկանց աշխատատեղերով ապահովելու լրացուցիչ հնարավորությունների ստեղծման մասին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ