29 06 2018

Մանվել Գրիգորյանի շները մնացել են սոված. Բաց նամակ

Մանվել Գրիգորյանի շները մնացել են սոված. Բաց նամակ

Կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ–ն բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը, Էջմիածնի քաղաքապետարանին, խնդրիի հետ կապ ունեցող բոլոր պատկան մարմիններին՝ նշելով, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից: Դինգո Թիմը նաև հայտնում է իր պատրաստակամությունն՝ իր վրա վերցնելու շների խնամքը և նրանց համար տերեր գտնելու գործընթացի պատասխանատվությունը:

Բաց նամակը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պատկան մարմիններ: Լրատվությունով տարածվում են նյութեր, որ Մանվելի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից: Դինգո Թիմը հայտնում է իր պատրաստակամությունն՝ իր վրա վերցնելու շների խնամքը և նրանց համար տերեր գտնելու գործընթացի պատասխանատվությունը:

Նշենք, որ դեռ 1 շաբաթ առաջ որևէ պետական մարմնից (Էջմիածնի քաղաքապետարան, ԱԱԾ, ՀՔԾ, ՀՀ Ոստիկանություն) հնարավոր չեղավ ստանալ պաշտոնական տեղեկություն կենդանիների որպիսության մասին, սակայն ներքին կապերով իմացանք, որ շներին շարունակում է խնամել նրանց մշտական խնամողը և Մանվելի ընտանիքը կենդանիներից չի հրաժարվում, հետևաբար մենք որևէ քայլ չձեռնարկեցինք:

Սակայն երեկ լրատվությամբ տարածվեց ինֆորմացիա այն մասին, որ կենդանիները ոռնում են սովից: Կրկին անգամ որևէ պետական մարմնից հնարավոր չեղավ ստանալ որևէ հստակ ինֆորմացիա այդ մասին:

Ստիպված ենք դիմել ընդհանուր բաց նամակով, քանի որ բոլոր պետական մարմինները մեկը մեկի վրա են փոխանցում խնդիրը և այն մնում է անլուծելի, ինչպես նաև խնդրել հնարավորինս սեղմ ժամկետներում մեզ տրամադրել տեղեկատվություն կենդանիների որպիսության մասին:

Քանի որ ՀՀ օրենքով շունը համարվում է գույք, մենք չունենք իրավունք առանց թույլտվության մտնել Մանվելի տուն և կենդանիների նկատմամբ կատարել որևէ գործողություն: Հետևաբար խնդրում ենք թույլտվություն՝ կենդանիների խնամքը և հետագա որդեգրումը մեզ վրա վերցնելու համար:

Խնդրում ենք արձագանքել հնարավորինս սեղմ ժամկետներում, քանի որ ամեն օրը հաշիվ է, եթե կենդանիներն իսկապես մնացել են սոված և ծարավ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ