28 06 2018

Վարչապետը կհրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից, բայց՝ հետո

Վարչապետը կհրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից, բայց՝ հետո

ՀՀ կառավարությունը հունիսի 28-ի նիստի ժամանակ հաստատեց վարչապետին երկու նստավայր տրամադրելու որոշումը:

Ըստ այդմ, վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվում Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մինչ երկրի առաջին դեմք դառնալն իր հայտարարություններին, առ այն, որ պետք է վարչապետն օգտագործի կառավարության շենքը, ասաց.

«Որոշումն ընդունում ենք օրենքի տեխնիկական պահանջը կատարելու համար: Իսկապես տարօրինակ իրավիճակ ունենք, երբ վարչապետը պետք է երկու շենքում տեղակայված լինի: Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ մենք ամենևին չենք մոռացել, թե ինչն ենք քնադատել, որովհետև կարծիքներ են հնչում, որ մենք կառավարութունում հայտնվելով՝ մոռանում ենք, թե ինչն ենք քննադատել: Ես կարծում եմ, որ այն, ինչ քննադատել ենք, ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք:

Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից, և այն ժամանակի ընթացքում կվերադարձնենք նախագահի աշխատակազմին, ինչպես որ նախկինում եղել է:

Այս պահին մենք որոշակի արարողակարգային խնդիրներ ունենք լուծելու»:

Վարչապետ Փաշինյանն ասաց նաև, որ փաստացի երկար ժամանակ աշխատում է կառավարության շենքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ