12 05 2018

Ովքե՞ր են նորանշանակ նախարարները

Ովքե՞ր են նորանշանակ նախարարները

Մայիսի 11-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով կառավարության կազմը համալրվեց, նշանակվեցին 14 նախարարներ: Ստորև ներկայացնում ենք որոշ կենսագրական տեղեկություններ նրանց մասին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը ծնվել է 1978 թվականին Ալավերդի քաղաքում: 1999թ.  Ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական  Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան:

2002թ. Ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: Աշխատել է որպես հաշվապահ մի շարք ընկերություններում: 2017 թ․ խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է պատգամավոր Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք ընտրատարածքից։ Լուսավոր Հայաստան Կուսակցության փոխնախագահն է։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ծնվել է 1969 թվականին Երևանում: 1990-1997 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը:  1996թ. ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 1999թ.՝ Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան: Վիրաբույժ: 2006 թվականին ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Նա «Հանրապետություն» կուսակցության անդամ է:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ծնվել է 1966թ. մարտի 20–ին Երևանում: 1990թ-ին ընդունվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ: Մագիստրոսի կոչում է ստացել Մանչեսթերի Վիկտորիա համալսարանում: Զոհրաբ Մնացականյանը Արտակարգ և լիազոր դեսպան է: 2014 թվականից Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն էր:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առողջապահության կազմակերպիչ է, Կենսաբանական համակարգերի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի երևանյան մասնաճյուղի հիմնադիր տնօրենն է:

ՀՀ գյուղատնտեսության նախարար  Արթուր Խաչատրյանը ՀՅԴ ներկայացուցիչ է: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է: 2016 – 2017 թթ.  աշխատել է   ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ։ 2017 թվականից Շիրակի մարզպետն էր:

Սպորտի և երիտասարդության նախարար  Լևոն Վահրադյանը զբաղեցնում էր նույն նախարարության  մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության վարչության պետի պաշտոնը: Նշենք նաև, որ նա Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ է:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Ծնվել է 1971 թվականին Երևանում: Տեխնիկական գիտությունների թեկնածու է: 1995 թվականից աշխատում է Ֆինանսների նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ծնվել է 1981 թվականին Երևանում : 2010 թվականից - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն է, երկու անգամ զբաղեցրել է Սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնը: Նշենք նաև, որ նա ԲՀԿ անդամ է:

Էներգետիկ ենթակառուց­վածք­ների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ծնվել է 1969 թվականին Բջնիում: 2010-2012 թթ. եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Նա նույնպես ԲՀԿ անդամ է:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը զբաղեցնում էր Բնապահպանության նախարարի պաշտոնը, մինչև այդ ՀՀ էկոնոմիկայի նախարարն էր: 2005 թվականին եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, 2007-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով:

Բնապահպանության նախարար նշանակված Էրիկ Գրիգորյանը զբաղեցնում էր Բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա (ԲԻՏԵԱ) ՀԿ համահիմնադիրն ու համանախագահն է:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը բանասիրական գիտությունների թեկնածու է, գերմաներենի մասնագետ, դասախոսում է Հայ-ռուսական (Սլավորական) համալսարանում։

2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 59-րդ համարն է եղել։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը նորանշանակ նախարարը նախկինում եղել է ՀՔԾ վարչության պետ:

Ծնվել է 1968թ. հունվարի 1-ին Հրազդանում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 1996 թվականին՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում:

2005 -2008թթ. եղել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալ: 2008-2011թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության` մարդկանց առևտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ:

2011-2014թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալ: 2014թ. հոկտեմբերի 2-ից 2014թ. հոկտեմբերի 20-ը եղել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ