ՀՀ քաղաքացիների գերակշիռ՝ 99.1 տոկոսը նշել է, որ դրական է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած «Իմ քայլը» շարժումը, իսկ բացասական՝ միայն 0.2 տոկոսը: Սա GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն իրականացրած հարցման արդյունքներն են: Մասնակիցների 86 տոկոսը նշել է նաև, որ հետևել է շարժմանը, չի հետևել 0.6 տոկոսը, մասամբ է հետևել 13.3 տոկոսը:
Մայիսի 11-ին ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարցումն իրականացվել է հեռախոսային զրույցի միջոցով, հարցմանը մասնակցել է 809 քաղաքացի:
Հարցվածների 44.5-ը պատասխանել է, որ մասնակցել է հանրահավաքի Երևանում, 43.8 տոկոսը՝ մասնակցել է հանրահավաքի իր գյուղում կամ քաղաքում: «Ֆեյսբուք»-ով հետևել է իրադարձություններին հարցվածների 75.6 տոկոսը, իսկ ճանապարհներ է փակել 40.9 տոկոսը, ավտոմեքենայով ձայնային ազդանշան տվել՝ 30.5 տոկոսը, գործադուլ արել՝ 30.9 և դասադուլ արել՝ 18.4 տոկոսը:
Մեկ այլ հարցի` արդյո՞ք ճիշտ էր ճանապարհները փակելը՝ հարցվածների 87.1 տոկոսը պատասխանել է` այո, իսկ 8.7 տոկոսը՝ ոչ: Հարցին դժվարացել է պատասխանել հարցման մասնակիցների 4.2 տոկոսը:
Մեկ այլ հետաքրքիր պատկեր է արձանագրվել` քաղաքացիների կարծիքը ոստիկանության դրսևորած վարքագծի վերաբերյալ. հարցվածների 71 տոկոսը դրական է համարել ոստիկանների գործողությունները, իսկ բացասական՝ 25.5 տոկոսը:
Հարցին՝ ինչպե՞ս են գնահատում Նիկոլ Փաշինյանի նոր կերպարը՝ չսափրված, գլխարկով, ուսապարկով, հարցման մասնակիցների 90.8 տոկոսը պատասխանել է՝ դրական, իսկ 3.6 տոկոսը՝ բացասակա:
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ են կարծում՝ ում, որ երկրի կողմից էր նախաձեռնված և կազմակերպված հեղափոխությունը, հարցման մասնակիցների գերակշիռ՝ 85.7 տոկոսը պատասխանել է, որ սա կազմակերպված չէր ոչ մեկի կողմից, սա զուտ հայկական նախաձեռնություն էր: Սակայն հարցման մասնակիցների 2.1 տոկոսի կարծիքով էլ ԱՄՆ-ն է կանգնած այս ամենի հետևում, իսկ 1.2 տոկոսի կարծիքով՝ ՌԴ-ն:
Իսկ հարցին, թե Փաշինյանին կհաջողվի՞ առաջիկա 6 ամսից 1 տարվա ընթացքում լուծել ՀՀ-ի առջև կանգնած հիմնախնդիրները, հարցվածների 77.9 տոկոսը պատասխանել է, որ` այո, իսկ 14.8 տոկոսը՝ ոչ:
Մասնակիցները նաև պատասխանել են հարցին՝ եթե հաջորդ կիրակի լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին կտան իրենց ձայնը: 75 տոկոսը պատասխանել է, որ իր քվեն կտա «Ելք» դաշինքին, 5.3 տոկոսը՝ «Ծառուկյան» դաշինքին, ՀՀԿ-ին՝ 3.8 տոկոսը, ոչ մեկին՝ 3.7 տոկսը, ՀՅԴ-ին՝ 1.9 տոկոսը, «Ժառանգությանը»՝ 0.4 տոկոսը, այլ կուսակցությունների՝ 0.7 տոկոսը:
Մեկ այլ հարցի` ինչպե՞ս են վերաբերվում այն հանգամանքին, որ ՀՀ-ում նախատեսվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հարցման մասնակիցների 90.7 տոկոսը պատասխանել է դրական, 2.7 տոկոսը՝ բացասական, իսկ 5.6 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը