Մարտի 20-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Երևան-Մոսկվա երթուղու «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:
ԱԻՆ-ը հայտնում է, որ ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, նախնական տվյալներով ավտոբուսի ուղևորներից կա 8 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:
***
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ճշտում է Վորոնեժի մարզում ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ ՃՏՊ-ի մասին տեղեկատվությունը, որի ժամանակ Հայաստանի քաղաքացիներ են տուժել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Հայաստանից ուղևորվող ուղևորատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով Վորոնեժի մարզում տուժածների մասին տեղեկությունը»,- Facebook-ի իր էջում հայտնել է դեսպանատունը:
Մարզի Պավլովսկի շրջանի հերթապահ-դիսպետչերական ծառայության տվյալներով՝ վթարի պատճառը եղել է հանդիպակաց գոտի ավտոբուսի դուրս գալը:
Ծառայության տվյալներով՝ հոսպիտալացվածներից երեքը ծանր վիճակում են, հինգը՝ միջին ծանրության: Նրանք Հայաստանի բնակիչներ են:
***
Ռուսաստանում վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը, որը կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնում Երևան-Տվեր ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Ավտոբուսում 48 ուղեւոր եւ 2 վարորդ է եղել:
***
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հմաձայն, ավտոբուսի վարորդներն են եղել 1972թ. ծնված Տիգրան Բաբախանյանը և 1974թ. ծնված Արկադի Թադևոսյանը: Նախապես հաղորդվում էր, որ պատահարի երկու զոհերից մեկը հայկական ավտոբուսի վարորդն է, սակայն ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ նրանք վիրավոր են:
Զոհվել են ավտոբուսի ուղևոր՝ 1978թ. ծնված Ա.Դ. Սուքիասյանը և բեռնատարի վարորդը՝ 1961թ. ծնված Ն.Սիոնին:
Պավլովսկ քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել ավտոբուսի վարորդներն ու ուղևորներ՝ 1969թ. ծնված Դավիթ Սարդարյանը, 1988թ. ծնված Մելիք Հայրապետյանը, 1982թ. ծնված Եղիշե Համբարձումյանը, 1964թ. ծնված Արմեն Մուրադյանը, 1961թ. ծնված Վարյա Օհանյանը, 1969թ. ծնված Դավիթ Վերմիշյանը եւ 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանը:
Դ.Սարդարյանի, Մ.Հայրապետյանի, Տ.Բաբախանյանի և Ե.Համբարձումյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը