30 01 2025

Կանադայի արտգործնախարարը կարևորել է արցախահայության վերադարձի և ինքնորոշման իրավունքների ապահովումը

Կանադայի արտգործնախարարը կարևորել է արցախահայության վերադարձի և ինքնորոշման իրավունքների ապահովումը

Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտոնական շփումների արդյունքում Հայ դատի հանձնախումբը ստացել է նախարար Ժոլիի գրությունը, որտեղ վերջինս առանցքային նշանակության շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և  Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ։

Մասնավորապես, Բաքվում հայ ռազմագերիների և Արցախի նախկին առաջնորդների շարունակվող կեղծ դատավարությունների ֆոնին նախարար Ժոլին խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ է անում.

  • Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և կամայականորեն կալանավորված էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակում,
  •   Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք,
  •   Հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց հայրենի հողեր,
  •   Հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն,
  •   Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությանը համահունչ՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակում։

Նախարար Ժոլիի այս դիրքորոշումը համապատասխանում է Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին։ Հանձնախումբն իր կողմից ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում շարունակում է աշխատանքը Կանադայի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

30 հունվար 2025թ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ