Տիգրան Աբրահամյանը գրում է. «44-օրյա պատերազմից ու Արցախի ամբողջական օկուպացիայից հետո, յուրաքանչյուր տարի, հունվարի 28-ի խորհրդանշական օրը, շատերիս սիրտն ու հոգին տակնուվրա է անում:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ հանրային-քաղաքական դաշտում մոտեցումները տարբեր են այն հարցում, թե արդյո՞ք առհասարակ դեռ նշելու տոն կամ առիթ կա:
Ես կարծում եմ, որ հունվարի 28-ն այսօր ևս մեկ առիթ է հիշելու և հարգանքի տուրք մատուցելու բոլոր այն անձանց, ովքեր մեր հայրենիքի համար ծանր օրերին ոտքի կանգնեցին, հայրենիքի պաշտպանի առաքելություն ստանձնեցին, միավորեցին իրենց ջանքերը զինված ուժեր կազմավորելու և այն կայացնելու համար:
Այն, որ մենք այսօր էլ պահպանում ենք հնարավորություն` քաղաքական անհրաժեշտ փոփոխությունների պարագայում, բեկում մտցնելու և մեր բանակն անհրաժեշտ զարգացման ու արդիականացման հուն վերադարձնելու համար, հիմքում ունեն այն ոգին, կամքն ու ջանքերը, որոնք դրվել են 90-ականների սկզբին:
Մեր բանակի կազմավորման ընթացքն անխոչընդոտ չի եղել և նրա կայացման ու անհրաժեշտ մարտունակության հասցնելու ընթացքն ուղեկցվել է լարված իրադարձություններով, մարտական գործողություններով, պատերազմներով և շատերն այս սրբազան ճանապարհին հերոսի մահով ընկել են:
2015 թվականին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատմական որոշում կայացրեց` Սրբադասելու 20-րդ դարի սկզբին, հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության զոհերին »։
Կարծում եմ` այսօր էլ, առնվազն քննարկելի է Սրբադասել մեր հայրենիքի անկախության և պաշտպանության համար նահատակվածներին, ովքեր իրենց գիտակցված առաքելությունն իրականացրել են` վճարելով իրենց, իրենց ընտանիքների և պետության համար ամենաթանկ գինը` մարդկային կյանքով:
Խորը հարգանք ու անսահման գոհունակություն բանակի հիմնադրման և կայացման գործում ավանդ ունեցած մեր հայրենակիցներին:
Հավերժ փառք մեր անմահ նահատակներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը