23 12 2024

Ավինյանը խոստովանել է, բա «задержка»-ն ինչո՞ւմ է, որտե՞ղ է քրեական վարույթը. 168.am

Ավինյանը խոստովանել է, բա «задержка»-ն ինչո՞ւմ է, որտե՞ղ է քրեական վարույթը. 168.am

168.am-ը գրում է. Շուրջ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 27-ին, 168.am-ն իր ընթերցողներին ու հպարտ ժողջանինտեղեկացրեց, որ Երևանի ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության՝  նոյեմբերի 23-30-ն Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք մեկնելու համար միայն ինքնաթիռի տոմսեր ձեռք բերելու համար ծախսվել է 12 միլիոն 465.000 դրամ, որից 8-ը՝ էկոնոմ դասի, մեկը՝ բիզնես: Ինչպես կարելի է հասկանալ, բիզնես դասի տոմս ձեռք է բերվել թավշյա քաղաքապետ, կոռուպցիայի ու ցոփ ու շվայտ կյանքի հետ 0 առնչություն ունեցող Տիգրան Ավինյանի համար:

Բայց քանի որ Ավինյանը շատ համեստ է, բիզնես դասի ինքնաթիռի տոմսով ԱՄՆ մեկնելու համար ընդամենը վճարել է 7 միլիոն 650.000 դրամ կամ շուրջ 20.000 ԱՄՆ դոլար: Այսինքն՝ Ավինյանի ԱՄՆ տոմսն արժե մոտ 20.000 դոլար:

Հետո այդ մասին էլի գրեցին, իսկ ավելի հետո՝ հայտնի Հայկ Մարության-Տիգրան Ավինյան հեռուստաբանավեճի ժամանակ նախկին քաղաքապետը խոսեց այդ մասին, անգամ հարց ուղղեց Տիգրան Ավինյանին՝ «Դուք մինչև այս պաշտոնական կյանքը երբևիցե 20.000 դոլար տոմսի գին տվե՞լ եք»:

Հայկ Մարությանն ավելի առարկայական դարձնելու համար վատնման չափը՝ հավելեց՝ «43 շենքի բնակիչ, 6 հազար մարդ  այս տարվա իրենց գույքահարկը տվել են, որ պարոն Ավինյանը թռնի Լոս Անջելես հարմար նստարանում»:

Տիգրան Ավինյանն այդ ժամանակ որևէ հոդաբաշխ բացատրություն չտվեց, բայց ՔՊ-ականը ՔՊ-ական չէր լինի, եթե յուրացրած չլիներ իր առաջնորդի գործելակերպը՝ ես չեմ, կամ ես եմ, բայց արդյո՞ք միայն ես եմ…

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ «белый и пушистый» Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ կփոխհատուցի ինքնաթիռի տոմսի ողջ գումարը:

«Ես այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել տոմսերը և, անկեղծ ասած, ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից: Մի փոքր խորանալուց հետո հասկացա՝ անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին և, եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է մի կրկնակի կամ եռակի ավելի թանկ էլ լիներ»,- մեղքը աշխատակազմի վրա գցեց Ավինյանը ու հավելեց՝ ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն պատասխանատուները։

Այսինքն՝ պետական միջոցների վատնում կատարած Երևանի քաղաքապետը հիմա էլ փորձում է հասարակության վրա իր փոխհատուցում կոչվածը որպես լավություն ծախել, թե տեսե՛ք, ես չգիտեի, իմացա, փողը տալիս եմ:

Մարդը պետական փողերն իր վոյաժների վրա մսխել եկել է, ու հիմա, երբ ամեն ինչ բացվել է, ասում է փողը տալիս եմ: Ու վե՞րջ… Սա արդյո՞ք նշանակում է, որ ցանկացած մեկը կարող է պետական միջոցներ վատնել, մսխել կամ գողանալ, հետո հենց հանրայնացվի, փողը հետ դնեն, վերջացնեն:

Հետաքրքիր է, բա դատախազությունը որ նախկին իշխանությունների տարբեր պաշտոնյաների վերաբերյալ վատնման հոդվածներով երկարաշունչ հաղորդագրություններ է տարածում, քրեական վարույթներ հարուցում, հիմա նույնն ինչի՞ չի անում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պարագայում:

Եվ եթե անգամ ընդունենք, որ այո՛, հատուցում պետք է լինի, ապա դա թերևս պիտի արվի քրեական պատասխանատվության ու հանրային պարսավանքի շրջանակում: Տիգրան Ավինյանն այսօր խոստովանել է՝ մսխել է պետական գումարները, հետևաբար «задержка»-ն ինչո՞ւմ է: Ընդ որում, այդ պատասխանատվությունը պետք է կրի ողջ ՔՊ-ն՝ իր առաջնորդով:

Հուշում՝ գլխավոր դատախազությանը:

Հոդված 256. Վստահված գույքը հափշտակելը

Հոդված 441     Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը

Ի դեպ, սրանք կոռուպցիոն հանցանքներ են:

Պետք է հաշվի առնել, որ հափշտակության մեջ 7 միլիոն դրամը համարվում է  առանձնապես խոշոր չափի հափշտակություն, ինչը որպես որակյալ հանցակազմ՝ բավականին ծանր պատասխանատվություն է ենթադրում:

 Հ.Գ. Փոքրիկ հուշում-1՝ ՔՊ-ին ու Տիգրան Ավինյանին. կարող եք ասել՝ սահմանաչափ չկա դրված, քաղաքապետը կուզի ոչ թե 43, այլ 143 շենքի գույքահարկի չափով տոմս կառնի հաջորդ անգամ:

Հ.Գ-2. Փոքրիկ հուշում-2. Հենց ասեք՝ սահմանաչափ չկա, հիշեք, որ բարոյական պատասխանատվություն եք կրում ձեր էլեկտորատի առաջ՝ վատնված փողերի, վատ ղեկավար ու ոչ ձեռնահաս մենեջեր լինելու համար:

Հ.Գ.-3. Մեղքը աշխատակիցների վրա գցելուց ու ուժեղ տղա խաղալուց առաջ կամ հետո հիշե՛ք, պարոն քաղաքապետ, պատասխանատվության չափը դուք չեք որոշում, դա որոշում է Քրեական օրենսգիրքը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ