23 12 2024

440 մլն դոլարով պակաս՝ վասն «Իրական Հայաստանի»․ 168.am

440 մլն դոլարով պակաս՝ վասն «Իրական Հայաստանի»․ 168.am

168.am-ը գրում է․ Վերջին տարիներին բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումը միշտ էլ շահարկման առարկա է եղել իշխանությունների կողմից։ Խուսափելով «մանրուքների» մեջ մտնել, չնայած, ինչպես ասում են՝ սատանան հենց մանրուքների մեջ է, հավատացրել են, թե հարկերի հավաքման ոլորտում աննախադեպ հաջողությունների են հասել, կատարել ու գերակատարել են իրենց առջև դրված խնդիրները։ Թաքցրել են, որ հարկերի ավելացման հարցում էական դեր են ունեցել բոլորովին այլ գործոններ, պատահական ու ժամանակավոր արտաքին գործոնները, ասենք՝ ավտոմեքենաների վերարտահանումը Ռուսաստան ու ԵԱՏՄ այլ երկրներ։

Այդ գործոնների ազդեցությունը թուլացել է՝ հարկերն այլևս չեն հավաքվում, նախատեսվածից անհամեմատ պակաս են հավաքվում։ Քանի ամիս է՝ իրենց չխնայելով՝ տնտեսությունը «քամում» են, բայց միևնույն է, հարկերի հավաքման ճեղքը չի փակվում, մի բան էլ խորանում է։

Չփրկեց նաև կադրային վերջին փոփոխությունը։ Տարեվերջից մեկ ամիս առաջ բավական մեծ բաց է գոյացել հարկային եկամուտներում։ Նախատեսվածի համեմատ էապես պակաս հարկեր են հավաքել։ 11 ամսում հավաքել են 2 տրիլիոն 149 մլրդ դրամ։ Տարեկան ճշգրտված պլանը 2 տրիլիոն 614 մլրդ դրամ է։

Բյուջեի հարկային եկամուտների տարեկան պլանը կատարելու համար դեկտեմբերին պիտի հավաքեն գրեթե 465 մլրդ դրամ, ինչն անհավանական ցուցանիշ է։ Պատկերացնելու համար ասենք, որ նոյեմբերին հավաքել են ընդամենը 179 մլրդ դրամ։ Ընդ որում՝ ավելի քիչ, քան հոկտեմբերին։ Հոկտեմբերին գրեթե 203 միլիարդ էին հավաքել։ Նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ, մուտքերը շուրջ 24 միլիարդով նույնիսկ պակաս են եղել։
Նիկոլ Փաշինյանի հայտնի sms-ային պաշտոնազրկումից հետո, երբ Ռուստամ Բադասյանի փոխարեն՝ ՊԵԿ նախագահ նշանակվեց Էդուարդ Հակոբյանը, հարկերի հավաքագրման տեմպը, ոչ միայն չի բարելավվել, այլև նույնիսկ վատացել է։ Հոկտեմբերին, նախորդ տարվա համեմատ, մուտքերն ավելացել էին գրեթե 15 տոկոսով, նոյեմբերին ավելացել են 11 տոկոսով։ Իհարկե, այդ աճերի մեջ մեծ բաղադրիչ ունի եկամտային հարկի վերադարձի գումարը, որն ինչպես հայտնի է, այս տարվանից ներառված է բյուջեի մուտքերում։

Եթե այն հանում ենք՝ բյուջեի մուտքերի աճն էապես ավելի ցածր է լինում՝ հազիվ 5-6 տոկոս։ Մինչդեռ բյուջեն պլանավորելիս՝ շատ ավելի բարձր ակնկալիք են դրել։ Ու հիմա՝ տարեվերջից 1 ամիս առաջ, բյուջեում հսկայական ճեղք է գոյացել։ Տարեկան նախատեսված պլանից բյուջեի հարկային եկամուտների պակասը հասնում է 465 մլրդ դրամի։

Այլևս պարզ է, որ դա չի հավաքվելու։ Հարցն այն է, թե ինչքա՞ն կկազմի հարկերի թերակատարումը։ Հիշեցնենք, որ 9 ամսվա կատարողականը 150 մլրդ դրամով պակաս էր։ Կառավարությունը հույս ուներ, որ տարին կփակի գոնե 159 մլրդ դրամ թերակատարումով։ Սակայն այդ հույսերը չեն արդարանում՝ թերակատարումն ավելի մեծ կլինի։

Ամենայն հավանականությամբ, 170 մլրդ դրամի հարկային եկամուտներ, որոնք նախատեսել էին բյուջեով, չեն կարողանալու հավաքել։ Դատելով նախորդ տարվա մուտքերից՝ սպասվում է, որ այս տարվա դեկտեմբերին, լավագույն դեպքում, կկարողանան հավաքել 294-295 մլրդ դրամ։ Մինչդեռ՝ պետք է 465 միլիարդ՝ բյուջեն ամբողջությամբ կատարելու համար։ Այդքան գումար դեկտեմբերին չի հավաքվի, ու տարին կփակվի հարկերի հսկայական թերակատարումով։ Այնպես, ինչպես եղավ 2020թ., երբ ի սկզբանե հաստատված բյուջեի համեմատ՝ 217 մլրդ դրամով պակաս հարկեր հավաքեցին։ Թերակատարումն այս տարի ավելի քիչ կլինի, բայց 170 միլիարդն էլ հսկայական գումար է բյուջեի համար։

Նախատեսվածի համեմատ՝ շուրջ 440 մլն դոլարի մուտքեր չեն ստացվելու։ Դրա ազդեցությունը բյուջեի վրա դժվար չէ պատկերացնել։ Բազմաթիվ ծրագրեր, որոնք նախատեսել էին, այս տարի պարզապես չեն իրականացվի։ Կառավարության պահուստային ֆոնդում էլ փող չկա, որ պահուստային ֆոնդի հաշվին իրականացնեն։

Վաղուց արդեն պահուստային ֆոնդը դատարկել են։ Եղած գումարներն 9 ամսում ամբողջությամբ ծախսել են։ Գումարները, որոնք բյուջետային ծրագրերի միջոցով պիտի մտնեին տնտեսության մեջ ու նպաստեին տնտեսության ակտիվացմանը, չեն մտնելու։ Այն պարագայում, որ վերջին շրջանում արտաքին ազդեցությունների թուլացման հետևանքով, տեսնում ենք, թե ինչ է կատարվում տնտեսության հետ։ էապես ընկել է տնտեսական ակտիվության աճը։ Բյուջեով նախատեսված ծախսերի լիարժեք կատարումն այս պարագայում կարող էր որոշ փրկություն լինել։ Հատկապես որ, գրեթե դադարել են նաև ներդրումները։

Տնտեսության իրական հատվածից օտարերկրյա ներդրումները դուրս են գալիս, իսկ նորերը գրեթե չկան։ Երկու տարի է, չի հաջողվում ներդրող գտնել այնպիսի խոշոր ծրագրի համար, ինչպիսին Ամուլսարն է։ Եվրասիական զարգացման բանկն էր պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել ծրագիրը, բայց նա էլ հրաժարվեց։ Եթե այսպիսի խոշոր ծրագիրը ներդրող չի գտնում, ինչ պետք է սպասել մյուսների պարագայում։ Նման պայմաններում առավել քան կարևոր է բյուջետային ծրագրերի իրականացում։ Բայց այդ ծրագրերն էլ չեն իրականանում, որովհետև բյուջեում փող չկա։ Դրանից տնտեսությունն է տուժում։ Քիչ է՝ տնտեսությունը ներդրումների պակասից է տուժում՝ հարկային մուտքերը չեն կարողանում ապահովել, հարկային բեռն են ավելացնում։ Պատրաստ են ցանկացած անհեթեթություն ասել՝ իրենց քայլերն արդարացնելու համար։

Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի բարձրացնում են, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խոշոր բիզնեսի ստվերը կրճատելու համար ենք անում, փոքր բիզնեսի համար բեռը մի բան էլ իջնում է։

Ինչպե՞ս կարող է հարկային բեռը փոքր բիզնեսի համար իջնել, երբ շրջանառության հարկի այս փոփոխություններից 18 մլրդ դրամ ավելի հարկ են ակնկալում։ Որտեղի՞ց պիտի հավաքվի այդ գումարը, եթե փոքր բիզնեսի հարկային բեռը չի բարձրանում։ Հատկապես որ, փոքր բիզնեսը գնալով սեղմվում է ու դուրս մղվում։

Հարկային բեռն ավելացնելով ու տնտեսությունը խեղդելով՝ բյուջեին լավություն չեն անում։ Դրանից վաղը բյուջեի խնդիրներն ավելի են սրվելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ