Պարոն Ավինյանն այս ընթացքում, որ քաղաքապետ է, իր համար գնել է «Մերսեդես» էլեկտրական մեքենա. «ընդամենը» 32,97 մլն դրամով, այսինքն 85 հազար դոլարով. ուղիղ եթերում Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ նշեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ընդամենը մի քանի օր առաջ Լոս Անջելես է մեկնել պարոն Ավինյանը: Գնացել են 9 հոգով, միայն իր բիզնես կլասի տոմսի համար ծախսել է 7 մլն 650 հազար դրամ: Գիտե՞ք ինչի համար, որ հարմարավետ թռնի, հասնի Լոս Անջելես: Ես չէի հավատում, մինչեւ փաստաթուղթը չտեսա»,-ասաց Մարությանը՝ ցուցադրելով համապատասխան փաստաթուղթը:
«43 շենքի բնակիչ իրենց էս տարվա գույքահարկը տվել են, որ պարոն Ավինյանը թռնի Լոս Անջելես։ Պարոն Ավինյան, մինչև Ձեր պաշտոնական կյանքը երբևիցե 20 հազար դոլար տոմսի գին տվե՞լ էիք»,– ասաց Մարությանը։
Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ես հիշեցի, որ 2019-ին դուք քաղաքապետի ավտոմեքենան վաճառել էիք, և մենք բոլորով դրա մասին գիտեինք: Երբ կա անձնական PR-ի այդ հատվածը, այո միշտ կարելի է ներկայացնել, թե տեսեք, թե ես ինչքան լավն եմ: Ես 2,5 տարի իմ մեքենայով եմ աշխատանքի գնացել, ինքս վարել եմ, ոչ մեկի մոտ սրա մասին չեմ խոսել:
Բոլորս գիտեինք, որ դուք այդ ավտոն վաճառել եք, բայց բոլորս չգիտեինք, որ հարյուրավոր ավտոներ տարեկան 400 հազար դրամ սպասարկումով շարունակել եք պահել: Մենք հիմա բոլորը կրճատում ենք, փոխարինում ենք 42 էլեկտրամեքենայով:
20 մլն դրամ այս գործողությամբ քաղաքապետարանը խնայում է տարեկան: Երբ քաղաքապետարանը տրանսպորտային համակարգում ստվերի դեմ պայքարեց, 6 օրում այդ 32 մլն դրամը հավաքել է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը