Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ինքնաբացարկի դիմումներ է ստացել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակում ընդգրկված 5 ավագանու անդամների թեկնածուներից՝ Հովսեփ Մարտիրոսյան, Մենուա Մկրտչյան, Հասմիկ Սամսոնյան, Հովիկ Հակոբյան, Սուրեն Ջանոյան։ Ինքնաբացարկի դիմումները քննարկելու և որոշում կայացնելու նպատակով ընտրական հանձնաժողովը նիստ էր հրավիրել։ Նիստին մասնակցում էր հանձնաժողովի 7 անդամից 6-ը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դիմումները ներկայացվել էին նոտարական վավերացմամբ, դիմումատուները նիստին ներկա չէին: Նրանցից ոչ մեկը գործող ավագանու անդամ չէր:
«Եթե ձեռագիր լիներ կամ առանց վավերացման, ապա անպայման նրանք պետք է ներկա լինեին և հավաստեին իրենց ինքնաբացարկը։ Վերջիններս ինքնաբացարկի պատճառ չեն նշել»,-լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ընտրական ցուցակում մնացել է մեկ անձ՝ Էմմա Հովհաննիսյանը, որը չունի ավագանու մանդատ։ Նա ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել հանձնաժողովին, երկրում չէ։
«Բալասանյան» դաշինքի ցուցակից սեփական դիմումների համաձայն դուրս եկողների ցանկում է նաև տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը:
«Բալասանյան» դաշինքի կողմից ավագանու անդամների մանդատները վայր դնելու վերաբերյալ արձանագրություն հանձնաժողովը դեռ չի ստացել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը