168․am-ը գրում է․ «Ես գնացել եմ, կանգնել եմ ժողովրդի առաջ, ասել եմ՝ ես պարտության պատասխանատուն եմ, ես ասել եմ՝ ժողովո՛ւրդ ջան, դատի մեզ, ասել եմ՝ դատի ինձ, ժողովո՛ւրդ ջան, ասել եմ՝ ժողովո՛ւրդ, եթե դու որոշես, որ ինձ պետք ա գնդակահարես, ես անմռունչ կկանգնեմ գնդակահարության պատի տակ»,- 2020թ․ ողբերգական պատերազմից հետո, հատկապես 2021թ․ ընտրություններից առաջ ամեն պատի տակ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։
Նա այդ հայտարարությունը, սակայն, մոռացել է արդեն տևական ժամանակ։ Ոչ թե այն պատճառով, որ վերացել են գնդակահարության պատճառները, ոչ թե այն պատճառով, որ ժողովուրդն իրեն այլևս մեղավոր ու պատասխանատու չի համարում աղետների համար, այլ որովհետև անցած երեք տարիներին Հայաստանում կառուցվել են բոլոր հնարավոր «պատերը», բացի գնդակահարության պատից։
Գնդակահարվելու պատրաստակամության խոստմամբ վերարտադրելով իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանն ավելացրեց այն բազմաթիվ պատերի թիվը, որոնք էլ ավելի խորացրեցին ներհասարակական պառակտումը։ 2018 թվականին արդեն իսկ գոյություն ունեցող շատ պատերի կողքին կառուցվեցին նորերը՝ հերոսներ-դասալիքներ, պատերազմի մեղավորներ-նվիրյալներ, արցախցի դավաճաններ-հայաստանյան հայրենասերներ, ու այդպես շարունակ։
Բոլոր այս անտեսանելի պատերը 2023 թվականին Արցախի կորստից հետո Հայաստանը վերածեցին լաբիրինթոսի, որում բարձրացված պառակտող պատերի առատության մեջ անհետացավ, լղոզվեց այդ միակ գնդակահարության պատը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը դեռևս հետևում է այդ բազմաթիվ պատերի տակ արձանագրվող տեղային «գնդակահարություններին», որոնք վերաբերում են տարբեր պատերի այս ու այն կողմում գտնվողներին, բայց կարևորը՝ ոչ իրեն։
Փաշինյանի իշխանությունը մինչև այսօր պահպանած պատային այս այլաբանությունը, սակայն, արտահայտվում է ժամանակակից կյանքի մեկ այլ անբաժանելի՝ վիրտուալ պատի տեսքով։ Ներհասարակական պառակտումը խորացնելու հիմնական գործիքներից մեկը Նիկոլ Փաշինյանի համար կար ու այսօր էլ շարունակում է մնալ ֆեյսբուքյան պատը, որում հավերժացվում են նրա իշխանության բոլոր աղտեղությունները՝ հակապետական մտքերից՝ մինչև հակահիգիենիկ տեսարաններ, հեծանվային խեղկատակություններից՝ մինչև ընտանեկան խոհանոցի մանրուքներ։ Այս՝ ֆեյսբուքյան պատն է, որը վիրտուալ՝ անիրական լինելով, հանրությանը թույլ է տալիս ամեն օր «գնդակահարել» Նիկոլ Փաշինյանին՝ շատերի համար անարգանքի հասնող նրա յուրաքանչյուր հրապարակումից հետո։ Սա է Նիկոլ Փաշինյանի ամենամեծ «պատային» գաղտնիքը։
Նա թքած ունի իրեն ու իր ընտանիքին ուղղված հայհոյանքների վրա, ոչ միայն թքած ունի, այլև հասկացել է, որ հենց վիրտուալ պատին ուղղված հայհոյանքն է իրեն փրկում իրական «գնդակահարության պատից», և փրկելով՝ հայհոյանքն ուժեղացնում է իրեն ու իր իշխանությանը։
Ասվածի ճշմարտացիությունը ստուգելու համար բավարար է փոքր մտափորձի միջոցով պատկերացնել՝ ինչ կլինի, եթե, ասենք, մի քանի օր, մի քանի շաբաթ Հայաստանն ապրի առանց սոցցանցերի, Նիկոլ Փաշինյանը՝ առանց իր տեսանյութերի, հասարակությունն էլ՝ առանց հայհոյանքի։ Այդ դեպքում է, որ ժողովուրդը քանդելով իրեն բաժանող հարյուրավոր անտեսանելի պատերը, կկառուցի իրական «գնդակահարության պատը»՝ կրկին այլաբանորեն գնդակահարությունն իրականացնելով սահմանադրության ու օրենքների շրջանակներում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը