«Տարածաշրջանում և աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային միջավայրը, Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում և անհամեմատ ավելի եռանդուն ջանքերի գործադրում գրեթե բոլոր երկկողմ և բազմակողմ հարթակներում: Բազմապատկվել են դիվանագետների աշխատանքների ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը։ Դիվանագիտական հարթակներն, ըստ էության, վերածվել են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջին «ճակատի»»,- գրված է կառավարության նիստում ընդունված որոշման հիմնավորման մեջ։ Այդ որոշմամբ վերանայվեց դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող հավելավճարի չափը։ Դիվանագետի՝ յուրաքանչյուր աստիճանի համար սահմանվեց հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս:
«Միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերը հավուր պատշաճի ներկայացնելու և լավագույնս ապահովելու համատեքստում անհրաժեշտություն է առաջանում կանխել բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը, խթանել նրանց՝ ավելի լավ աշխատելու և կարիերային առաջընթաց ունենալու մոտիվացիան, ինչպես նաև ավելի լավ հնարավորություն ստեղծել նոր մասնագետների ներգրավման համար՝ բարելավելով դիվանագետների ծառայության վարձրատրության պայմանները և բարձրացնելով դիվանագիտական ծառայության գրավչությունը»,- նշված է հիմնավորման մեջ։
Ըստ դրա՝ այս որոշմամբ արտաքին գործերի նախարարության համակարգը կապահովվի մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերով, կավելանա ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, կկանխվի կադրերի արտահոսքը, կխթանվի դիվանագետների՝ ավելի լավ աշխատելու և կարիերային առաջընթաց ունենալու մոտիվացիան:
Այս նախագիծը պետական բյուջեի վրա տարեկան անհրաժեշտ կլինի հատկացնել լրացուցիչ 1 մլրդ 17 մլն 28 հազար 37 դրամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը