Լիբանանի տարածքից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է reuters.com-ը:
Իսրայելի շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ տուժածների մասին տեղեկություններ չկան:
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն ուրբաթ հայտարարել է, որ յոթ առանձին հարձակում է իրականացրել իսրայելական օբյեկտների վրա՝ օգտագործելով «Կատյուշա» հրթիռներ։
Մինչդեռ ՌԻԱ «Նովոստի»-ն հայտնում է, որ Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին: Օգտատերերը սոցցանցերում հրապարակել են ենթադրյալ իսրայելական հարձակման հետևանքների կադրերը:
Նշվում է նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանի` Դահիյայի վրա, որտեղ գտնվում է Հեզբոլլահի շտաբը։ Հաղորդվել է կազմակերպության ղեկավարներից մեկի մահվան մասին։ Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ, ըստ նախնական տվյալների, հարձակման թիրախը եղել է հատուկ գործողությունների համար պատասխանատու «Հեզբոլլահ»-ի ղեկավարության և Ջիհադի խորհրդի բարձրաստիճան անդամ Իբրահիմ Ակիլը (Թահսին մականվամբ)։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը