Եսայի քահանա Արթենայնը ներկայացնում է Խաչվերաց տոնի խորհուրդը
«Խաչի տոն է` Խաչվերաց: Հիշում ենք յոթերորդ դարում Տիրոջ Խաչափայտի գերության և գերությունից վերադարձի պատմությունը: Ոչ միայն հիշում ենք, այլ նաև մեր հոգու աչքերով տեսնում ենք Տիրոջ Խաչը` բարձրացած: Այսօր, ինչպես և միշտ, առիթ ունենք մտածելու խաչի խորհրդի և մեր հոգում խաչը բարձրացնելու կարևորության մասին:
Քրիստոս խաչը վերցնելու և Իրեն հետևելու կարևոր պայման համարեց անձն ուրանալը: Անձն ուրանալ չի նշանակում հրաժարվել անհատականությունից։ Աստված ցանկանում է, որ մենք հրաժարվենք եսասիրությունից։ Անհատականությունը մեր եզակիության դրսևորումն է, իսկ եսասիրությունը՝ ցանկությունների ու հնարավորությունների կոնֆլիկտը։ Եսասիրության մեջ մարդիկ նման են իրար. նույն կերպ են մտածում, խոսում, շարժվում և այլն։ Համաձայնեք, որ այդպես շատ տխուր է։ Իսկ անհատականությունը ոչ թե ընդգծում է մեր առավելությունը մյուսներից, այլ՝ մեր յուրահատկությունը։
Քրիստոս պատվիրում է. «Վերցրո՛ւ քո խաչը»։ Մենք հաճախ երկմտում ենք՝ չէ՞ որ խաչը ենթադրում է դժվարություններ ու զրկանքներ, որոնք մեր կյանքի նպատակը չեն։ Կարևոր է պատասխանատվությունն ու արդարությունը, ազնվությունն ու սերը, որոնք ընդգծում են մեր եզակիությունը։
Քրիստոս մեզ կոչ է անում յուրահատուկ ապրել, իսկ դժվարություններն ու զրկանքները հանձն առնել ոչ թե տառապելու, այլ դրանք առաքինությամբ հաղթահարելու համար, եթե, իհարկե, ցանկանում ենք գնալ Իր հետևից։ Հաղթելու համար կարևոր պայման է Սերը, որով իրական դարձավ մեր փրկությունը։ Այդ Սերն է սնում մեր հավատքը։ Չկա ավելի կարևոր ու հրաշալի օրինակ, քան այն, որ Տերը խաչվեց մեզ համար։
Խաչը միայն սիրո նշան չէ. խաչը աշխարհի, մեզանից յուրաքանչյուրի պատմությունն է։ Պողոս առաքյալը պարծենում է Տիրոջ խաչով: Պարծենալ՝ նշանակում է ի ցույց դնել մի բան, ինչը կարևոր է քեզ համար։ Իմաստունները պարծենում են իրենց գիտելիքով, հարուստները՝ ունեցվածքով, ոմանք՝ իրենց տաղանդով կամ հնարավորություններով։ Այս ամենն ինքնադրսևորման միջոցներ են։ Ամեն մարդ իր կյանքում գտնում է այն, ինչի համար իրեն պետք է սիրեն ու հարգեն։ Այլ կերպ՝ փորձում է իր գոյությունն արդարացնել։ Պողոս առաքյալն ասում է, որ մեր գոյությունն արդարացնելու կամ բացատրելու այլ ճանապարհ չկա, բացի Խաչից, որի վրա Քրիստոս տվեց Իր Կյանքը։
Երբ անտեսում ենք խաչի զորությունը, զգում ենք միայն խաչի ծանրությունն ու այդ ծանրության տակ կքվում: Խաչին պետք է մոտենալ հաղթելու հստակ պատրաստակամությամբ: Ինչպես Քրիստոս, Ով եկավ աշխարհ ու վստահ էր, որ Ինքը հաղթելու է:
Մենք էլ կոչված ենք մասնակից լինելու խաչի խորհրդին` սիրով, հավատքով ու հույսով: Խաչելության ժամանակ ներկա էին Աստվածամայրը, ով սնեց ու խնամեց Տիրոջը, Հովհաննեսը, ում սերը վախից ուժեղ էր և հավատքից ամուր: Կային նաև մարդիկ, ովքեր ուզում էին Քրիստոս իջնի խաչից, որ հավատան, և ոմանք, ովքեր չէին ուզում Քրիստոս իջնի, որ այդ պատմությունը հանդարտվի… Բոլորը սպասում էին, որ Քրիստոս մեռնի: Իսկ մե՞նք, ինչի՞ ենք մե՛նք սպասում…
Չպետք է սպասել, պետք է տեսնել, գնահատել և ապրել Աստծո սիրով ու ողորմությամբ: Սա մեր կյանքի ամենօրյա ընտրությունն է: Մարդիկ սիրում են աշխարհում տիրող չարության համար մեղադրել Աստծուն: Բայց երբ կանգնում ես խաչի առաջ, հասկանում ես, որ այդ չարիքի հեղինակը դու ես: Ու պետք չէ սպասել, պետք է ինչ որ բան անել, պետք է ընտրություն կատարել: Խաչելության ժամանակ Քրիստոսին ամենամոտ կանգնածները երկու ավազակներն էին: Սա նման է մեր օրինակին: Շուրթերով դավանում ենք Աստծուն, բայց մեր կյանքում ոչինչ չի փոխվում: Հիսուսին մոտ լինելը դեռ բավական չէ, պետք է նաև ընտրություն կատարել: Երկու ավազակներից միայն մեկն ընտրություն կատարեց ու արժանացավ փրկության:
Մենք էլ այսօր խնդիր ունենք ընտրություն կատարելու, սակայն ճիշտ ընտրության համար կարևոր է գիտակցել սեփական եզակիությունը, հասկանալ, որ այն ամենը, ինչ ունենք, Աստծո սիրո դրսևորումն է։ Քրիստոս մեզ ազատեց «կարելիներից» ու «չի կարելիներից» և տվեց ազատություն՝ սիրով «կարելին» կարելի դարձնելու, իսկ «չի կարելի»-ն՝ մերժելու։ Ինչպես նաև տվեց ազատություն՝ սիրով իմաստավորելու մեր կյանքը և բացահայտելու խաչի խորհուրդը․ ամեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը