Սեպտեմբերի 9-ին վերջին հրաժեշտն են տվել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանին։
ՆԳՆ-ից հայտնում են, որ Հայրապետ Ստեփանյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին ցավակցելու էին եկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, նախարարի տեղակալները, ծառայության պետերը, ծառայակից գործընկերները, ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների աշխատակիցներ։
«Կապիտան Հայրապետ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։
Հայրապետ Ստեփանյանի անունը հավերժ կմնա ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր մյուս գործընկերների անունների կողքին»,- նշում են ոստիկանությունից։
ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին. «Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանն իր մոտ պահում է հրազեն։
Ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նալբանդյան համայնքում հայտնաբերել են Մանուկ Մարգարյանին «Վազ 2107» մեքենայի մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նկատելով իրավապահներին՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել և շարունակել է արձակել կրակոցներ, ինչից հետո դիմել է փախուստի։
Կրակոցների հետևանքով մահացել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը, իսկ նույն բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը