28 08 2024

Հրապարակվել է «Արցախ/Լեռնային Ղարաբաղ․ էթնիկ զտման դեպքի ուսումնասիրություն» զեկույցը

Հրապարակվել է «Արցախ/Լեռնային Ղարաբաղ․ էթնիկ զտման դեպքի ուսումնասիրություն» զեկույցը

 

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, Հայ դատի համակարգում գործող Հայկական իրավական կենտրոնի հովանավորթյամբ, հրապարակել է մանրամասն զեկույց՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին էթնիկ զտումներին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի երկարատև հակահայկական խտրական  քաղաքականությամբ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ զեկույցը  վիճարկում է, որ Արցախի շրջափակումը, ռազմական հարձակումը և հաջորդող բռնի տեղահանումը իրարից առանձնացված միջադեպեր չեն, այլ հայերի դեմ խորապես արմատացած ինստիտուցիոնալ քաղաքականության գագաթնակետ։

Զեկույցը տարբերակում է «էթնիկ զտումներ» և «ցեղասպանություն» հասկացությունները՝ նշելով, որ թեև ցեղասպանությունը սահմանվում է խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ, էթնիկ զտումները ներառում են որոշակի տարածքից խմբի բռնի հեռացում՝ բռնության և ահաբեկչության միջոցով: Արցախի դեպքում Եվրոպական խորհրդարանը և տարբեր փորձագետներ իրադարձությունները դասակարգել են որպես էթնիկ զտումներ, ոմանք այս դասակարգումը տարածել են նաև ցեղասպանության հանցագործության վրա՝ կապված ծանր պայմանների և համակարգված ոչնչացման սպառնալիքի հետ:

Զեկույցի ներկայացրած ապացույցները ցույց են տալիս, որ Ադրբեջանի քաղաքականությունը, ներառյալ շրջափակումը և ռազմական գործողությունները, արտացոլում են Արցախի հայկական ներկայությունը արմատախիլ անելու միտումնավոր փորձ: 2022 թ․ դեկտեմբերին սկսված շրջափակումը սարսափելի պայմաններ ստեղծեց՝ սահմանափակելով հիմնական ապրանքների և ծառայությունների հոսքը, ինչը հանգեցրեց սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ պակասի։ Արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը հանգեցրեց համատարած թերսնուցման, առողջության վատթարացման և կրթական ու առողջապահական ծառայությունների խաթարման: Զեկույցը մանրամասնում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը թիրախավորել գյուղատնտեսական աշխատանքները և խոչընդոտել տեղական սննդի արտադրությունը՝ խորացնելով հայ բնակչության տառապանքը։

2023 թվականի սեպտեմբերին սկսված ռազմական հարձակումը ավելի սաստկացրեց ճգնաժամը։ Զեկույցը  փաստում է, թե ինչպես է այդ հարձակումը, որ սկվել է ինտենսիվ մարտերով և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված համատարած վնասներով, հանգեցրել քաղաքացիական բնակչության զգալի զոհերի և տարհանման աշխատանքների լուրջ խափանումների: Ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ խաղաղ բնակչության խոշտանգումների և անդամահատումների մասին հաղորդումները ընդգծում են հարձակման դաժանությունը և այդպիսի գործողությունների նշանակությունը Արցախից հայ բնակչության բռնի տեղահանման գործում։

Զեկույցը նաև ընդգծում է հայկական մշակութային և կրոնական վայրերի շարունակական ոչնչացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք համակարգված ձևով ջնջում են հայկական հետքերը: Այս ավերումը ներառում է եկեղեցիների, պատմական հուշարձանների և խաչքարերի  ոչնչացումը, ինչպես նաև հայկական մշակութային հետքերը վերացնելու համար հուշարձանների էության նենգափոխումը։ Զեկույցը պարունակում է արբանյակային պատկերներ և փաստաթղթեր այնպիսի կազմակերպություններից, ինչպիսին է “Caucasus Heritage Watch”-ը, ինչը ցույց է տալիս մշակութային ոչնչացման չափը, որ դատապարտված է միջազգային կառույցների կողմից, ինչպես UNESCO-ն և Եվրոպական խորհրդարանը:

Զեկույցն ընդգծում է, որ մշակութային այս ոչնչացումը և շրջափակման ազդեցությունը արտացոլում են ադրբեջանական հասարակության մեջ հակահայկական տրամադրությունների ավելի լայն օրինաչափություն: Այն նկարագրում է, թե ինչպես է ադրբեջանական պետական հռետորաբանությունը, ներառյալ հակահայկական բռնության հերոսացումը և հայերի նվաստացուցիչ պատկերները, ստեղծել ապամարդկայնացման և խտրականության միջավայր: Այս միջավայրը հավերժացվել է պետության կողմից աջակցվող նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին է Բաքվի «ռազմավարի պուրակy» և սոցիալական ցանցերում տարածվող հակահայկական ատելության խոսքը:

Ավելին, զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի իշխանության տակ գտնվող հայերի նկատմամբ վերաբերմունքը, ներառյալ քաղաքական դրդապատճառներով Արցախի քաղաքական առաջնորդների կալանավորումը և հակահայկական բռնության շարունակական հերոսացումը, արտացոլում է մարդու իրավունքների միջազգային չափանիշների անտեսումը: Այն ընդգծում է որ հայկական մշակութային ինքնության համակարգված ժխտումը և մշակութային ժառանգության վայրերի ոչնչացումը Արցախում հայկական ներկայությունը վերացնելու Ադրբեջանի ավելի լայն ռազմավարության անբաժանելի մասն է:

Զեկույցը հասանելի է հետևյալ հղմամբ։

Եզրափակիչ մասում զեկույցը կոչ է անում միջազգային գործողություններ ձեռնարկել այս խախտումները վերացնելու համար՝ ընդգծելով տեղահանված հայ բնակչությանն աջակցության անհրաժեշտությունը: Այն նաև ընգդծում է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, մարդու իրավունքների կոպիտ խախտումների և Ադրբեջանում ինստիտուցիոնալ խտրականության հետ մեկտեղ, շարունակական վտանգ է ներկայացնում արցախահայության համար և ընդգծում է միջազգային միջամտության հրատապությունը՝ կանխելու հետագա վայրագությունները և աջակցելու հայերի իրավունքների  և ժառանգության վերականգնմանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ